«Անակնկալ» Պրահայում՝ Փաշինյանը շփվում է Էրդողանի ու Ալիևի հետ
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկում է ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակում քննարկվելու է Եվրոպական քաղաքական համայնքի ձևավորումը՝ մի մարմնի, որը միտված է մայրցամաքում անվտանգության ամրապնդմանը։
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը օրերս լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով այս գագաթնաժողովի մասին, ասել էր, որ այսօր Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովում երկրների ղեկավարները Մոսկվային ազդանշան կուղարկեն առանց Ռուսաստանի նոր աշխարհակարգի որոնման մասին:
«Այս հանդիպումը նոր կարգ է փնտրում առանց Ռուսաստանի», – ասել էր նա։
Հայաստանի Հանրապետության համար այս գագաթնաժողովը առանձնահատուկ նշանակություն է ստացել, քանի որ կուլիսներում նախատեսվում են միջոցառմանը մասնակցող Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԵՄ-ի ու Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, այսինքն՝ քառակողմ հանդիպում:
Մինչ այդ հանդիպումները տարածվել է լուսանկար գագաթնաժողովի կուլիսներից, որտեղ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեղանի շուրջ շփվում են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների, ԱԳ նախարարների հետ: Լուսանկարում երևում է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Ադրբեջանական մամուլը սա որակում է, որպես պատմական հանդիպում: