Հայաստանն ու Ադրբեջանը սկսում են աշխատել Խաղաղության համաձայնագրի վրա. ի՞նչ տվեցին Ժնևի բանակցությունները
Հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացավ սեպտեմբերյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների թվով երկրորդ հանդիպումը: ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ, կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։ «ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։ Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում էլ ասվում է, որ հանդիպումը կազմակերպվել է՝ համաձայն խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստման հանձնարարականի, որը երկու երկրների ղեկավարների կողմից տրվել է 2022 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը:
Ըստ Ադրբեջանի, Բայրամովն ընդգծել է, որ հետհակամարտային շրջանում կարևոր է կենտրոնանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման վրա, Բայրամովը ներկայացրել է համաձայնագրի տարրերը՝ հիմնված Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնարար սկզբունքների վրա։
Հանդիպումը տեղի ունեցավ սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից տարածված դաժանագույն պատերազմական հանցագործությունների կադրերի ու հանրային ծանր տրամադրությունների ֆոնին: Ուշագրավ ու հատկանշական է նաև այն հանգամանքը, որ հանդիպումը տեղի ունեցավ արևմտյան և ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահների հովանու ներքո. Արարատ Միրզոյանը մինչ Բայրամովի հետ բանակցությունն առանձին հանդիպումներ ունեցավ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ:
Ոչ պատահականորեն, ամենայն հավանականությամբ, բանակցություններից հետո «Հայկական ժամանակ»-ը հրապարակեց Ադրբեջանի 5 պահանջները, ինչը լայն արձագանքների պատճառ է դարձել մամուլում ու սոցցանցերում.
«1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում
2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3. Միջանցք Հայաստանի տարածքով:
4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):
5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է՝ հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով»:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ պետք է մի քանի հստակ արձանագրում անել:
Ըստ նրա, առաջինն այն է, որ կողմերը սկսում են առարկայորեն խոսել Խաղաղության համաձայնագրի շուրջ, կսկսեն աշխատանքը դրա տեքստի և այլ մանրամասների շուրջ, կբանակցեն, սակայն զուգահեռաբար տարածվող Ադրբեջանի պահանջներն էլ բացահայտում են որոշակի շրջանակ, որը շատ քիչ է տարբերվում այն հրապարակային 5 սկզբունքներից, որն ամիսներ առաջ Ադրբեջանը ներկայացրել էր:
Բացի այդ, նա նշեց, որ բոլոր համանախագահ երկրներն այս կամ այն կերպ մասնակից դարձան այս հանդիպմանը՝ բացառությամբ Ռուսաստանի, ինչը կարևոր արձանագրելի հանգամանք է:
«Ռուսաստանը լիովին դուրս է մնում բանակցային գործընթացից, եռակողմ փաստաթղթերը ետին պլան են մղվում, և Արևմուտքի միջնորդությունն այսօր կողմերի համար ավելի գերակա է դարձել, ու դա մեծամասամբ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Ադրբեջանի դիրքորոշումն իր հերթին՝ պայմանավորված է էներգետիկ շահերով Եվրոպայի հետ, ինչպես նաև՝ ԼՂ-ից խաղաղապահներին հեռանկարում դուրս բերելու ծրագրով:
Սակայն չեմ կարծում, որ այս բանակցությունները սահմանին խաղաղություն երաշխավորեն, դա կլինի միայն այն դեպքում, երբ կողմերը միմյանց բոլոր պայմաններն ընդունեն, կամ լինի ուժային հավասարակշռություն կողմերի միջև»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը: Նա նաև գտնում է, որ Ադրբեջանի հետ ԼՂ հարցով բանակցելու է հենց ԼՂ-ն, և ոչ Երևանը, ինչն ակնհայտ դարձավ հայկական կողմի տարածած հաղորդագրությունից»:
Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը մեզ հետ զրույցում ասաց, որ բանակցությունները բարդ են լինելու, սակայն Արևմուտքը համակարգային կերպով, հետևողականորեն է զբաղվում Հարավային Կովկասով: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախօրեին Ջեյք Սալիվան-Իբրահիմ Քալըն բանակցությունների ժամանակ ևս հայ-ադրբեջանական հարաբերությունները քննարկվել են:
«ԱՄՆ-ը, ԵՄ-ն հասկանում են, որ ուշադրության տակ պետք է պահեն ռեգիոնը, որ կան անվտանգային խնդիրներ, ուժի սպառնալիք: Եթե չկա շփում ՌԴ-ի հետ, պետք է այն լինի Թուրքիայի հետ հատկապես, երբ առջևում նաև հայ-թուրքական բարձրաստիճան հանդիպումներ են սպասվում: Սակայն ինչքանով Արևմուտքում կհաջողվի վերահսկելի դարձնել բոլոր վտանգները, զսպել բոլոր կողմերի աճող հավակնությունները, բարդ հարց է: Սակայն այդ քաղաքական կամքն առկա է, պարզապես Թուրքիան մշտապես բարդ գործընկեր է Արևմուտքի համար: Միևնույն ժամանակ հավելյալ բարդությունն այն է, որ Ռուսաստանը հակամարտող երկրներում ունի ներկայություն, սակայն բանակցային գործընթացում չկա, սա հակասություն ու խնդիրներ է ստեղծում, անկայունության հավելյալ գործոն է»,- ասաց նա: