«Որդիս Ներքին Հանդում է ծառայել՝ սեպտեմբերի 15-ից լուր չունեմ». Ժամկետային զինծառայողի հայր

Արդեն 13 օր է՝ մի շարք զինվորների  ծնողներ իրենց տղաներից որևէ տեղեկություն չունեն։ Այսօր այդ ծնողները հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ պարզելու, թե ՊՆ-ն ինչ քայլեր է ձեռնարկում իրենց որդիներին գտնելու համար։

«Մեզ այստեղ, կարծեմ շտաբի պետն էր, դիմավորեց, ասաց՝ սպասեք, որոնողական աշխատանքներ են կատարվում, որևէ լուր լինի՝ կտեղեկացնենք։ Որդիս Ներքին Հանդում է ծառայել՝ Կապան, 2 ամսվա ծառայող էր, սեպտեմբերի 15-ից լուր չունեմ։ Երեխաներին ամսի 12-ի գիշերը հանել են դիրքեր՝ շինաշխատանքներ կատարելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայող Սամվել Անթալյանի հայրը՝ Հայկ Անթալյանը։

Նա նշեց, որ կան մարդիկ, որոնք ասում են, թե տղաներին տեսել են շինարարական աշխատանքներ կատարելիս, դրանից հետո այլևս չեն տեսել։

«Ոչ մի հրամանատար չկա, գնդում էլ ենք եղել, պատասխանող չկա, զորամասում էլ ենք եղել։ Գնում ենք, ասում են՝ կամանդիրը գնացել է դիրքեր, գնում ենք դիրքեր, ասում են՝ խորհրդակցության է, և այդպես շարունակ։ Որտեղ որ եղել են, այստեղ մեր ռազվեդկան որոնողական աշխատանքներ չի կատարում, փնտրում են այն մարդիկ, որոնք անտառին ծանոթ են»,- շեշտեց Հայկ Անթալյանը։

Կարդացեք նաև

Նա ընդգծեց, որ բազմաթիվ տեղերում են եղել, իրենց որդիները չկան։

«Երկու զինծառայող ունեմ, գնամ՝ իրենց բերելու եմ, թող ոստիկանությունը փորձի մի բան անի։ Մյուս որդիս ու քրոջս տղան այդ նույն զորամասում են ծառայում։ Իրենք էլ որևէ տեղեկություն չունեն»,- եզրափակեց Հ. Անթալյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի  իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Տեսանյութեր

Լրահոս