Նախկիններից Փաշինյանը ստացել էր կայացած բանակ․ 4 տարում ամեն ինչ հավասարեցվել է հողին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայ ժողովուրդը, չնայած դարերի ընթացքում իր գլխին եկած տարբեր փորձություններին, ի զորու եղավ վերականգնել իր պետականության շղթան և 31 տարի առաջ խորհրդային Միության փլուզման արդյունքում հռչակել անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։ Բայց միայն անկախության հռչակումը բավարար չէ, հարկավոր է պահպանել պետականությունը։ Իսկ անցումային շրջանում գտնվող պետության համար առանցքային են պետականության հիմքերի ամրապնդումը և ինստիտուտների ձևավորումը։ Տարիների ընթացքում անկախ Հայաստանում պետական շինարարությունը շարունակվել է, սկսել են միս ու արյուն ստանալ պետական համակարգն ու ինստիտուտները։

Օրինակ՝ հետևողական աշխատանքի արդյունքում զրոյից կազմավորվել են կանոնավոր բանակն ու զինված ուժերը։ Ուստի, հարց կարող է ծագել, թե ինչո՞ւ այսօր ոչ միայն չի շարունակվում պետականության ամրապնդման գործընթացը, այլև հակառակն է տեղի ունենում՝ Հայաստանի գլխավերևում կախվել է պետականությունը կորցնելու վտանգը։ Այս հարցի պատասխանն անմիջականորեն կապված է 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության հետ։ Այդ ժամանակ վարչապետի պաշտոնում նոր ընտրված Փաշինյանը որպես ժառանգություն ստացավ քիչ թե շատ կայացած պետություն։ Ճիշտ է՝ այնպես չէ, որ Փաշինյանի՝ իշխանության գալուց առաջ ամեն ինչ կատարյալ էր, բայց միանշանակ է, որ իրավիճակն ուղղակի անհամեմատելի է այսօրվա իրերի դրության հետ։ Տարբեր քննադատություններ են հնչում նախկինների հասցեին, հաճախ՝ արդարացի քննադատություններ, սակայն, ուզենք թե չուզենք, նախկին երեք ղեկավարներից յուրաքանչյուրը գոնե աղյուս է ավելացրել պետական կառույցի վրա, ինչքանով որ կարողացել է։

Ու երևի թե պատահական չէ, որ այսօր ակտիվ քննարկումների տիրույթում են նախկին երեք նախագահների հանդիպման կարևորությունն ու առկա իրավիճակից դուրս գալու ելքերը հենց նրանց հետ կապելու միտումները։ Հասարակության տրամաբանող, սթափ դատող հատվածը պարզ տեսնում է, որ Փաշինյանը պետականության շենքին ոչ միայն քար չի ավելացրել, այլև եղածն է քանդում ու փոշիացնում։ Օրինակ՝ նախկիններից որպես ժառանգություն Փաշինյանը ստացել է կայացած բանակ, և փոխանակ այն հզորացներ և ավելի կայացներ, սկսեց թիրախավորել զինվորականներին, վարկաբեկել բանակը, ամենակարևոր հարցերին ուշադրություն դարձնելու փոխարեն հրատապ դարձան մանրուքները, ինչից էլ շտապեց օգտվել հակառակորդը, և արդյունքում այսօր մեր զինված ուժերը հասցվել են քարուքանդ վիճակի։

Նախքան Փաշինյանի իշխանության գալը, նախկինում, բոլոր թերություններով հանդերձ, ունեինք քիչ թե շատ գործող կառավարման համակարգ, որը հարկ եղած ժամանակ արձագանքում էր եկող ազդակներին, իսկ հիմա համակարգ գրեթե գոյություն չունի, կառավարման ոլորտում քաոս է տիրում այն աստիճանի, որ «շունը տիրոջը չի ճանաչում»։ Պետական կառավարման համակարգում անցումը և սերնդափոխությունը պետք է սահուն կատարվի, որպեսզի հնարավորություն ընձեռվի մասնագետներին փորձ ձեռք բերել և աստիճանաբար մասնագիտական աճ գրանցել, ինչու չէ՝ նաև փոխանցել ինստիտուցիոնալ հիշողությունը։ Սակայն այս իշխանությունները պայմաններ ստեղծեցին, որ փորձ ու գիտելիքներ կուտակած մասնագետները միանգամից հեռանան, իսկ նրանց տեղը լրացնեն պետական կառավարումից գաղափար չունեցող իշխանական երիտասարդները, որոնցից շատերն իրենց աշխատանքը պատկերացնում են միայն սոցցանցերում ժամանակ անցկացնելու տեսքով։

Մինչև 2018 թվականն ունեինք արտաքին քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանի կարծիքի հետ աշխարհը հաշվի էր նստում, իսկ հիմա մենք կարծես կորցրել ենք մեր արժանապատվությունը միջազգային հարաբերություններում և, ընկած դռնեդուռ, խնդրում ենք, որ մեզ օգնեն արտաքին վտանգից։ Չորս տարի առաջ մենք հաղթող էինք, իսկ հիմա ոչ միայն պարտվել ենք, այլև մեր անկախությունն ուղղակի մազից է կախված։ Միաժամանակ պետք է ընդունել, որ նախկինների օրոք հանրության շրջանում անվտանգության հետ կապված առնվազն վստահություն կար, և երբեք չի եղել ինքնիշխանության, պետության կորստի վտանգ։

Իսկ հիմա ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ այն, ինչ ամենավատ երազում հնարավոր չէր պատկերացնել։ Օրինակ՝ ոչ մի երաշխիք չկա, որ հակառակորդը ավելի սանձարձակ պահվածք չի դրսևորի և մի օր էլ չի ներխուժի հայկական բնակավայրեր և բռնազավթի դրանք։ Այս ամենի արդյունքում է, որ հանրությանը պատել է խորը հուսալքությունը, չկա ապագայի հետ կապված վստահության որևէ նշույլ, և մարդիկ ինքնաբերաբար սպասում են, թե էլ ինչ արհավիրք է սպասվում մեր պետությանը։ Իսկ քաղաքացիների մի մասի շրջանում էլ ճամպրուկային տրամադրություններ են տիրում։ Ստացվում է, որ Փաշինյանը կառուցված պետական շենքը քանդել է մինչև հիմքերը և հիմա մնում է հիմքերն էլ քանդի և վերջ։ Նա մեր պետականությունն այնքան վարպետությամբ է ապամոնտաժում, որ չորս տարում տասնամյակների կառուցվածը հավասարեցվել է հողին»։

Տեսանյութեր

Լրահոս