«Սա սենսացիա է. Հայաստանի հարցով ձևավորվում է ՌԴ-ԱՄՆ-Իրան եռանկյունի». Աբովյան

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Վլադմիր Պեսկովը ողջունել է այդ այցը՝ նշելով՝ այն ամենը, ինչը ոչ թե խոսքով, այլ գործով է, և ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական, այլ իրականում, անաղմուկ ու գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը։

Փելոսիի ՀՀ այցից հետո հայտնի դարձավ նաև, որ Հայաստանի հարևան Իրանում սեպտեմբերի 21-ին կայանալու է Իրանի մեջլիսի արտահերթ նիստ, և ինչպես հայտնում է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն՝ այդ նիստը հրավիրելու պատճառն այն է, որ իրանական կողմը լրջորեն մտահոգված է երկու հարևան երկրների սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը, անդրադառնալով վերը նշված զարգացումներին, նշեց՝ ցավում է, որ այս իշխանությունները իրենց ուզածն անգամ չեն կարողանում ձևակերպել՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը շատ ուղիղ ասում է՝ ի՞նչ եք ուզում մեզանից՝ ասեք։

«Այս իշխանությունը զե՞նք, թե՞ պատժամիջոցներ, թե՞ այլ բան է ուզում. ով է դա իմանում, չէ՞ որ այս իշխանության թրքահաճո և ադրբեջանամետ տեսլականի մեջ նման պահանջ չի տեղավորվում։ Այո՛, Հայաստանի իշխանությունը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները՝ կանխելու համար մեր գլխին կանգնած վտանգը, բայց փաստ է նաև՝ երբ դուք այդ վտանգի պատճառը չեք ընդունում, ում ուզում ես, ինչ ուզում ես՝ խնդրի, որևէ բան չի ստացվելու։ Այն, որ այսօր թշնամին ռմբակոծում է Ջերմուկը, դա այն քաղաքականության հետևանքն է, որը վարում է այս իշխանությունը՝ պատերազմը բերելով մեր տուն։ Մինչև այս իշխանությունը չընդունի, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը Հայաստանի մասնատումն է և Արցախի ապամոնտաժումը, ով ուզում է գա՝ որևէ բան չի փոխվելու»,- ասաց Արման Աբովյանը։

Կարդացեք նաև

Քաղաքական վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց ստեղծված իրավիճակում աշխարհաքաղաքական կենտրոնների քայլերին, որոնք, ըստ Աբովյանի, ցույց են տալիս, որ ձևավորվում է Հայաստան-Իրան-Ռուսաստան-ԱՄՆ քառանկյունի՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի։

«Նենսի Փելոսիի այցը ողջունում է ՌԴ նախագահի խոսակը, տեսնում ենք, որ Իրանն է արտահերթ նիստ գումարելու Հայաստանի սահմանի հարցով, և տեսանելի է, որ Իրանի և ՌԴ շահերն աննշան կերպով համընկնում են։

Ձևավորվում է եռանկյունի, կամ գուցե քառանկյունի, որովհետև Բորելը ևս դրական է նայում այս ամենին, որի վրա հենվելով՝ կարող է ձևավորվել մի համակարգ, որը թույլ կտա մեզ ակնկալվող պատերազմում նվազագույն կորուստներով դուրս գալ։ Ի դեպ՝ հենց այդ եռանկյունով կամ քառանկյունով է պայմանավորված Ադրբեջանի արտգործնախարարի այսօրվա այցն ԱՄՆ»,- ասաց Աբովյանը՝ ցավով նշելով, որ այս իշխանությունը չունի որևէ ցանկություն՝ այս հնարավորությունն օգտագործել ի շահ ՀՀ պետականության։

Ըստ Աբովյանի՝ այս պատուհանն ի շահ Հայաստանի օգտագործելու փոխարեն՝ իշխանությունը շարունակում է խոսել խաղաղության պամանագրի մասին, ինչը, այս դեպքում, ոչ թե խաղաղություն է բերելու, այլ լրիվ այլ բան է լինելու։

«Դա մահապատիժ է. դա Հայաստանի մասնատման ինդուլգենցիան է»,- ասաց Աբովյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս