«Նիկոլի իշխանության օրոք ՀՀ-ն միակ երկիրն է, որտեղ զոհված զինծառայողները մնում են անանուն»․ Արտակ Զաքարյանը՝ զոհերի թիվը թաքցնելու մասին
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող պատերազմական իրավիճակին՝ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ հայկական կողմն այդ պահի դրությամբ ունի 49 զոհ, որը, ցավոք, վերջնական չէ։ Երեկ Փաշինյանը կրկին ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ զոհերի թիվը հասել է 105-ի։
Ուշագրավ է, որ Փաշինյանն ԱԺ ամբիոնից սեպտեմբերի 13-ի իր ելույթում շեշտել էր, որ բոլոր զոհված զինծառայողների ինքնությունները պարզված են, սակայն մինչ օրս Պաշտպանության նախարարությունը, չգիտես՝ ինչու, զոհված զինծառայողների անունները գաղտնի է պահում։
«Այս պահի դրությամբ Պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պետք է արձանագրեմ, որ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ։ Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի և վերստուգվի, նոր հրապարակվի։ Այս է պատճառը նաև, որ մենք նախկինում ունեցած ցավալի փորձը հաշվի առնելով՝ մինչև վստահ չենք լինում զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ, որևէ տվյալ չի հրապարակվում․․․»,- սեպտեմբերի 13-ին հայտարարել էր Փաշինյանը։
Կարծիքներ են հնչում, որ գործող իշխանությունն այսկերպ թաքցնում է զոհերի իրական թիվը, եթե անուններ հրապարակվեն, ու մարդիկ տեսնեն, որ դրանց մեջ իրենց հարազատի, բարեկամի անունը չկա, պարզ կդառնա, որ հայկական կողմի զոհերի թիվը ճիշտ չի ներկայացվում։
168.am-ը ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մինչ այս պահը չեն հրապարակվում զոհված զինծառայողների անունները․
«Վարչապետը նշեց, երբ ճշգրտված լինի այդ ցուցակը՝ այս ժամանակ կհրապարակի Պաշտպանության նախարարությունը։ Այս պահին նաև նույնականացման որոշակի աշխատանքներ են կատարվում, երբ ճշգրտված ցուցակներ կլինեն, այդ ժամանակ ՊՆ-ն կհրապարակի դրանք»։
Հարցին՝ հնարավոր չէ՞ հրապարակել զոհված այն զինծառայողների անունները, որոնց տվյալներն արդեն ստույգ են, քանի որ միայն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր 3 հուղարկավորություն է եղել, Արամ Թորոսյանը պատասխանեց․
«Կհրապարակենք, հո չե՞նք թաքցնելու։ Կհրապարակենք, երբ որոշակի թիվ լինի, ճշգրտված տվյալներ լինեն»։
Այսինքն՝ բոլոր զոհերի անունները միասի՞ն են հրապարակվելու, հարցրեցինք ՊՆ խոսնակից․
«Ոչ, հնարավոր է նաև մաս-մաս, երբ գերճշգրիտ ցուցակ լինի՝ մենք կհրապարակենք»։
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իշխանություններն ուղղակի պարտավոր են հրապարակել զոհված բոլոր զինծառայողների անունները, քանի որ դա հարգանք է զոհերի և նրանց ընտանիքների, ինչպես նաև Զինված ուժերի նկատմամբ․
«Աշխարհում բոլոր բանակներն իրենց զոհերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակում են ոչ թե թվաբանական ստատիստիկայով, այլ անուն, ազգանուն, հայրանուններով և զինվորական կոչումներով։ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլի իշխանության օրոք միակ երկիրն է, որտեղ պատերազմական գործողություններում կամ մարտական գործողություններում զոհված զինծառայողները մնում են անանուն։ Սա անբարոյական մոտեցում է Զինված ուժերի և զինծառայողների նկատմամբ, նրանց կատարած հերոսական գործողությունների նկատմամբ, նրանց անցած մարտական ուղու նկատմամբ և ընդհանրապես նրանց ընտանիքների նկատմամբ»։
Արտակ Զաքարյանն ընդգծեց, չնայած շուտով 2 տարին է լրանում, սակայն 44-օրյա պատերազմի զոհերի վերաբերյալ տվյալները՝ անուն-ազգանունները, թաքցվում են․
«Մենք բազմիցս պահանջել ենք, որպեսզի հրապարակվեն 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների անուն, ազգանուն, հայրանունները, դա չի արվել, որովհետև ունենք խորը կասկածներ, որ թաքցնում են պատերազմում զոհվածների իրական թվերը։ Այս պատերազմը, Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական գործողությունները ևս ցույց են տալիս այս իշխանությունների ապիկար մոտեցումը Զինված ուժերի նկատմամբ։ Իշխանությունները պարտավո՛ր են հրապարակել բոլոր զոհերի անուն, ազգանուն, հայրանունները և նրանց զինվորական կոչումները, ինչն արվել է և՛ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, ինչն արվում էր արցախյան պատերազմի ժամանակ, իսկ սրանց համար զոհերը զուտ վիճակագրություն են, զուտ ստատիստիկա են, ընդ որում՝ թաքցնելով իրական թվերը։ Թող հրապարակեն բոլորի անուն–ազգանունները, քանի որ դա նախ հարգանքի նշան է, և հետո հասարակությանը վստահեցնեն, թե իրականում որքան մարդկային կորուստ ունի մեր երկիրն այս ագրեսիայի ընթացքում»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը և Ջերմուկ քաղաքը։