Մեր երկիրը տանում են կործանման՝ հավանաբար ունենալով երաշխիքներ, որ իրենք պետք է իշխանության մնան. Սփյուռքահայ գործիչն ահազանգում է

«Պատահածը սադրանք չէր՝ ինչպես իշխանություններն էին կոչում, սա բացահայտ ագրեսիա է Հայաստանի դեմ, անկախ և ինքնիշխան Հայաստանի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ սահմաններին թշնամու հերթական ագրեսիային՝ նշեց  Սփյուռքահայ մամուլի գործիչ, հրապարակախոս և վերլուծաբան Վաչե Բրուտյանը:

Նա շեշտեց՝ գիտակից հատվածի համար հստակ է, որ այս բոլորը բնական հետևանքն է այն անբնական վարքագծի, քաղաքականության, որը ՀՀ իշխանությունները վարում են ավելի քան 4 տարի՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո և վերջին մեկ տարում, երբ անդադար խոսում են «խաղաղության դարաշրջանի» մասին:

«Սա հետևանքն է նաև այն իրողության, որ այս իշխանությունները ոչ մի ձևով չփորձեցին ՀՀ դիվանագիտական և զինվորական ռեսուրսները վերակազմակերպել, հիմնովին փոփոխության ենթարկել:

Բոլոր պատերազմներից հետո մասնակից կողմերը փորձում են իրենց զինվորական կարողությունները համալրել, վերազինվել, վերակազմակերպվել, բայց նույնիսկ այդ կետում մենք ոչինչ չնշմարեցինք այս իշխանությունների կողմից,  ընդհակառակը՝ քայլեր արեցին բանակն ավելի քայքայելու համար:

Կարդացեք նաև

Ալիևն ասել էր, չէ՞, որ ՀՀ-ն բանակի կարիք չունի, և կարծես թե այս իշխանություններն էլ բանակի հանդեպ իրենց վարքագծով դեպի այդ կողմ են գնում: Եվ այսպես աստիճանաբար մեր երկիրը տանում են կործանման՝ հավանաբար, ունենալով երաշխիքներ, որ իրենք պետք է իշխանության մնան»:

ԱԺ-ում Փաշինյանի ելույթի մասին իր դիտարկումներում սփյուռքահայ գործիչը ցավով արձանագրեց, որ նա  որևէ խոսք չի հնչեցրել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին:

«Վլադիվոստոկում ևս օտար երկրի ղեկավարը խոսում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին՝ իրեն ակնարկելով խոսել այդ հարցի մասին, բայց, փաստորեն,  իրենք արդեն  հրաժարվել են Արցախի ինքնորոշումից, և այսօր ունենք այն, ինչ ունենք:

Այս ձևով չի կարելի շարունակել. 44-օրյա պատերազմից հետո խելահաս մարդիկ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում ասում էին՝ ամեն օր, որ այս մարդը մնում է իշխանության, կլինեն նոր կորուստներ:

Դժբախտաբար, այս բոլոր կանխատեսումները ճիշտ դուրս եկան: Լուծումը մեկն է՝ այս իշխանությունները պետք է հեռանան, իրենք պետք է հասկանան, որ սպառված են, իրենք երկիրը հասցրել են կործանման այսչափ ծանր իրավիճակին, և իրենց տեղը պետք է զիջեն այն ուժերին, որոնք կարող են գեթ եղածը փրկել և այս պետությունը վերականգնել. սա է այսօրվա հրամայականը»,- եզրափակեց Վաչե Բրուտյանը:

Տեսանյութեր

Լրահոս