«Ինչո՞վ ես զբաղված, երկրիդ վրա հարձակվել են». Արմինե Ադիբեկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանն ինտենսիվ կրակում է Վարդենիսի, Սոթքի, Իշխանասարի, Արտանիշի, Գորիսի և Կապանի ուղղություններով, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ 2020թ. նոյեմբերի 9-ից ակնհայտ էր, որ այս իրավիճակը ստեղծվելու է:

«ՀՀ իշխանություններն ունեին 2 տարի, որ պատրաստվեին: Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր բանակցային գործընթաց միտված է նրան, որ ժամանակ ձգձգես, շեղես հակառակորդիդ, որ քո ռեսուրսային բազան համալրես, որ դիրքերդ ամրապնդես, որ պատրաստ լինես հակադարձել հակառակորդի սադրանքներին: Առավել ևս, որ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ նրանք ցանկացած պահի սպասում էին Ադրբեջանի կողմից սադրանքների: Այսինքն՝ մարդիկ իմանալով, որ ռազմական գործողությունները վերսկսվելու են, չարեցին ոչինչ, որ պաշտպանեն ՀՀ սահմանները»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադիբեկյանը:

Նա ընդգծեց՝ Ադրբեջանն ու Թուրքիան հավակնում են տարածաշրջանում գերտերության դեր խաղալ՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, լքելու է այս տարածաշրջանը. «Ռուսաստանն արեց ամեն ինչ, որ դա տեղի ունենա, որովհետև նա դավաճանեց իր վերջին դաշնակցին: Նոյեմբերի 9-ից առ այսօր ՌԴ վերահսկողության տակ գտնվող բոլոր հողերը հանձնվեցին Ադրբեջանին, այսինքն՝ դավաճանությունը պոզով-պոչով չի լինում: Բայց այստեղ կարևոր դեր է խաղում ՀՀ իշխանությունը, որը նպաստել է այդ իրավիճակի ձևավորմանը: Իշխանություններն իրենց հերթին՝ շատ կամավոր և եռանդով տրամադրել են Ադրբեջանին բոլոր նպաստավոր դիրքերն ու բարձունքները: Ռուսաստանը պետք է գոնե այն ֆրոնտը պահեր, որը գտնվում էր իր հսկողության տակ: Այս առումով, իհարկե, ես ստիպված եմ համաձայնել Փաշինյանի հետ առ այն, որ ռուսները պարտավորվածություններ են ստանձնել, որոնք չէին նախատեսում, որ պետք է ադրբեջանցիների քմահաճույքները բավարարելու նպատակով հանձնեին հայկական հողերը»:

Կարդացեք նաև

Արմինե Ադիբեկյանը որևէ ակնկալիք չունի միջազգային հանրությունից. «Ինչո՞ւ պետք է ուրիշները մեզ համար հոգի թափեն, եթե մեր իշխանությունները բացարձակապես անգործության են մատնված: Պատերազմ է սկսվում, Նիկոլ Փաշինյանը Պռոշյանից մինչև հրապարակ, որ ոտքի 20 րոպեի ճանապարհ է, 2 ժամ հետո է գնում աշխատանքի վայր: Հարց՝ ինչո՞վ ես զբաղված, երկրիդ վրա հարձակվել են:

Մամուլում տեղեկատվություն է լինում, որ մի քանի ժամ է՝ ՊՆ-ում խորհրդակցություն է, որ մենք տեղյակ չենք, որ պատերազմն արդեն սկսվել է, ՊՆ-ն շարունակում է ստել, որ՝ ոչ մի նման բան չկա, պատերազմի վտանգ չկա, քննարկումներ չկան, ամեն ինչ նորմալ է: Դրանից 15 րոպե հետո նույն ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ Ադրբեջանը հատել է սահմանը և ռմբակոծում է ՀՀ բնակավայրերը: Այս պարագայում Մակրոնը ի՞նչ պետք է անի, արտասահմանյան լեգեոն ուղարկի՞, հրաժարվի ադրբեջանական գազից և նավթի՞ց: ՄԱԿ-ը ի՞նչ պետք է անի: ՀՀ իշխանություններն ի՞նչ է անում այս պահին»:

Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը կստորագրի այն, ինչ պետք է ստորագրի, և ռազմական գործողություններն այդ պահին կդադարեն. «Մի շատ կարևոր բան եմ ուզում ֆիքսել. Եթե հիշում եք՝ 1-2 տարի առաջ այդ մայրերը կամ տարբեր ՀԿ-ական կնանիք, որ ասում էին՝ վերջապես մեր երեխաները կդադարեն զոհվել Արցախում, ես ուզում եմ հարցնել՝ կանայք, իսկ ձեզ դո՞ւր է գալիս, որ ձեր երեխաները զոհվում են Հայաստանում, այսինքն՝ զոհվելու տեղն էր ձեզ համար կարևո՞ր, թե՞ չզոհվելու պարագան: Ուզում եմ իմանաք, որ այս ամենի պատասխանատուները նաև դուք եք, դուք ձեր ձեռքով բերեցիք պատերազմը մեր տները, վայելեք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս