Բաժիններ՝

Մեզ հասած պատմամշակութային ժառանգությունը պահպանելու և վերականգնելու համար անհրաժեշտ է բարձրացնել ռեստավրատորի մասնագիտության գրավչությունը նաև ֆինանսապես

Մշակութային ժառանգության պահպանության ոլորտում մեծ խնդիր է վնասված նմուշների վերականգնման հարցը: Բուհերն այդպիսի մասնագետներ չեն էլ պատրաստում:

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած առկա խնդիրներին՝ մասնագիտության գրավչությունը պետք է բարձրացնել:

«Մենք աշխատում ենք ինչ-որ ուղղություններ գտնել, որպեսզի կարողանանք մարդկանց մի քիչ ավելի վճարել, որպեսզի կարողանան կենտրոնանալ, որովհետև վերականգնողների (ռեստավրատոր) աշխատավարձը, անկեղծ ասած, այդքան բարձր չէ, և որպեսզի մարդն ուզենա մտնել այդ ոլորտ, շարունակել աշխատել, մենք պետք է գրավչությունը ֆինանսապես ևս բարձրացնենք»,- ասաց փոխնախարարը:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանն էլ հայտնեց, որ ինստիտուտում ռեստավրատորների բաժնում աշխատում են մի խումբ երիտասարդներ, թեև կան նաև փորձառու մասնագետներ, սակայն կրթական մասով, նրա խոսքով, արժե համատեղ մտածել, լուծումներ գտնել դրա համար:

Կարդացեք նաև

Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն էլ նկատեց. «Սա ամենաքննարկվող հարցերից մեկն է՝ մշակութային ժառանգության պահպանության ոլորտում և նախարարության մակարդակով բազմաթիվ քննարկումներ կան, հիմա ևս ընթանում են:

Ոչ միայն վերականգնման, այլև պահպանության ոլորտում մասնագիտական կարևոր հարցեր ունենք լուծելու, որովհետև մեզ հասած պատմամշակութային ժառանգությունը շատ հարուստ է, և դրա համար պետք է կարողանանք մեծ ռեսուրսներ ներդնել թե՛ ֆինանսավորման առումով, և թե՛ մասնագիտական հմտությունների ձեռքբերման: Անշուշտ, այս բոլորը կապվում են կրթության հետ:

Մեզ մոտ թանգարաններում, ինստիտուտներում ավանդույթ է, որ վերականգնողներն ավելի շատ տեղում են կայանում, և պրակտիկ դաշտում եթե բարձրացնենք մասնագիտությունների գրավչությունը, ֆինանսական ռեսուրսների հարցը, ավելի հեշտ կլինի լուծել կրթական, վերապատրաստման քաղաքականության խնդիրները և բուհերում որոշ ֆակուլտետներում կարող է ուղղորդվել մասնագետների պատրաստումն այս նեղ մասնագիտությունների համար»:

Տեսանյութեր

Լրահոս