Օբամեյանգին ծեծել են և թալանել նրա բնակարանը, լուրջ խնդիր «Բարսելոնայում»
«Բարսելոնայի» ֆուտբոլիստների տներից գողությունները վաղուց խնդիր են: Օբամեյանգը դարձել է կողոպտիչների նոր զոհը՝ անհայտ անձինք ներխուժել են նրա տուն, ծեծել ու սպառնացել զենքով։ Այս սարսափի միջով են անցել նաև ֆուտբոլիստի որոշ թիմակիցներ։
Ժերար Պիկե- Պիկեն առաջինն էր, որ տուժեց Բարսելոնայում՝ 2018 թվականի հունիսին նա ազգային հավաքականի ճամբարում էր, իսկ Շակիրան հյուրախաղերի էր, կողոպտիչները մտան ֆուտբոլիստի տուն, երբ այնտեղ էին նրա ծնողները։ Բանդան գողացել է ժամացույցներ և զարդեր։ Բարեբախտաբար, այս դեպքում ագրեսիա չի ցուցաբերվել։ Ոստիկանության օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործներն արագ ձերբակալվել են։
Նելսոն Սեմեդո- Սեմեդոն 2017-ից 2020 թվականներին եղել է «Բարսելոնայի» աջ եզրային հարձակվողը, նա, ինչպես Պիկեն, ապրում էր Էսպլուգես դե Լոբրեգա շրջանում և նույնպես կողոպուտի զոհ էր դարձել։ Ֆուտբոլիստի տունը թալանել են, երբ նա մասնակցել է Կլասիկոյին։ Ավազակները տարել են 500.000 եվրո, ինչպես նաև զարդեր և ժամացույցներ։
Ժորդի Ալբա- Գողերը ներխուժել են Ալբայի տուն 2018 թվականին, երբ նա «Բարսելոնայի» կազմում էր Միլանում: Ինչպես Պիկեի դեպքում, այս անգամ էլ ֆուտբոլիստի ծնողները տանը են եղել։ Ոստիկանությունից պարզաբանել են, որ գողերը ներխուժել են չհրկիզվող պահարան, մինչդեռ ոչ պարունակության, ոչ էլ գողացված գումարի մասին չի հաղորդվում։
Քևին-Պրինս Բոատենգ- Ֆուտբոլիստը կատալոնական ակումբում անցկացրել է ընդամենը վեց ամիս, սակայն այս ընթացքում հասցրել է ավազակների զոհը դառնալ։ 2019 թվականին Բոատենգը և իր թիմը մասնակցել են «Վալյադոլիդի» դեմ հանդիպմանը, երբ գողերը ներխուժել են նրա տուն և հանել զարդեր, ժամացույց և 400.000 եվրո։
Արթուր-Բրազիլացին դարձել է կողոպտիչների հերթական զոհը՝ գողությունը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-«Լիվերպուլ» հանդիպման ժամանակ։ Մամուլը գրել էր, որ գողացել են ժամացույցներ և այլ արժեքավոր իրեր, բայց ամենավատն այն է, որ բանդան մահակով և պտուտակահանով սպառնացել է այդ պահին տանը գտնվող ֆուտբոլիստի եղբորը։
Անսու Ֆաթի- 2021 թվականի նոյեմբերին Անսու Ֆաթին կողոպուտի զոհ էր դարձել։ Ֆուտբոլիստը եղել է «Կամպ Նոու»-ում և տրիբունայից հետևել է Լա լիգայի «Բարսելոնա»-«Էսպանյոլ» հանդիպմանը։ Կողոպտիչները հասել են տան երկրորդ հարկ, մինչ Ֆաթիի ընտանիքը հյուրասենյակում հեռուստացույցով խաղն էր դիտում։ Լսելով աղմուկը՝ հարազատները ոստիկանություն են կանչել։
Լուիս Սուարես– 2018 թվականին ուրուգվայցին դարձել է փորձառու հանցախմբի զոհը, որը նախկինում թալանել էր 38 տուն։ Ֆուտբոլիստի տնից դուրս են բերվել զարդեր, թանկարժեք պայուսակներ, էլեկտրոնիկա։
Սամուել Ումտիտի- Չորս հոգի ներխուժել են ֆուտբոլիստի տուն, երբ նա տրիբունայում դիտում էր «Բարսելոնա» – «Վալենսիա» հանդիպումը։ Նրանք կոտրել են մուտքի դուռը և տարել սեյֆի ողջ պարունակությունը։
Զոհերի ցուցակը կարելի է երկար շարունակել, և կլինեն ոչ միայն «Բարսայի» խաղացողներ՝ Ալվարո Մորատան թալանվել է «Ատլետիկոյում» խաղալիս, Լուկաս Վասկեսը, Կազեմիրոն և Իսկոն՝ «Ռեալում», Գարայը եղել է «Վալենսիայում», Թոմաս Պարտիը՝ «Ռեալում»,Խոակինը՝ «Բետիսում»։
Մի շարք կողոպուտներից հետո ոստիկանությունը ֆուտբոլիստներին զգուշացրել է նախազգուշական միջոցներ ձեռնարկել, հատկապես սոցիալական ցանցերում գրառումներում, որտեղ նրանք հաճախ բացահայտում են իրենց տների գտնվելու վայրը և կահավորանքը:
Սիրարփի Աղաբաբյան