Բաժիններ՝

Թուրքական հետախուզության ղեկավարն այս շաբաթ Հյուսիսային Իրաքում անձամբ կբանակցի PKK-ի առաջնորդների հետ

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր, 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանը մոտակա 10 օրերին հանդես է գալու PKK-ին ուղղված հրադադարի մասին կոչով:

Միևնույն ժամանակ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) այս շաբաթ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում բանակցելու է PKK-ի ներկայացուցիչների հետ:

Թուրքական Taraf թերթի լրագրող Քուրթուլուշ Թայիզը հայտնել է, որ Օջալանը 1999 թվականի նման PKK-ին կոչ է անելու լքել Թուրքիայի տարածքը: Դրա հետ մեկտեղ Թայիզը հայտնել է, որ MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանը PKK-ի հետ բանակցելու նպատակով մեկնելու է Ղանդիլ (Հյուսիսային Իրաք): Ֆիդանն անձամբ մասնակցելու է այդ բանակցություններին:

Ակնկալվում է, որ առաջիկա 10 օրերին Իմրալը կղզի է մեկնելու քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատվիրակությունը, որն իր հերթին բանակցելու է Օջալանի հետ:

Հիշեցնենք, որ կարծիքներ կան, թե Հաքան Ֆիդանն ունի քրդական ծագում: Հաքան Ֆիդանը սերում է Վանի նահանգի Dêra Jorîn գյուղից, իսկ նրա հայրը 50 տարի առաջ տեղափոխվել է Անկարա, ուր և 1968 թվականին ծնվել է Հաքան Ֆիդանը:

Հաքան Ֆիդանը MIT-ի փոխտնօրեն հանդիսացած ժամանակ (2009-2010) եղել է նաև արտաքին քաղաքականության գծով ներկայիս վարրչապետ Ռեջեփ Էրդողանի խորհրդականը և համարվում է նրա վստահելի մարդկանցից մեկը: Հաքան Ֆիդանը MIT-ի ղեկավար է նշանակվել 2010 թվականի մայիսի 25-ին:

Նախորդ տարվա նոյեմբերի վերջին թուրքական «Հյուրիյեթ» թերթը գրել էր, որ Հաքան Ֆիդանը կարող է դառնալ Թուրքիայի հաջորդ վարչապետ՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ Ֆիդանն ամենուրեք ուղեկցում է Էրդողանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս