Ինչու այսպես եղավ

Հիշողություն

2014թ․ գարունն էր։ ԱՄՆ դեսպան Ջո Հեֆերնը ԱՄՆ դեսպանատուն էր հրավիրել Հայաստանի բոլոր իրավապաշտպաններին։ Բոլորին ջերմորեն ողջունելուց հետո, դեսպանը ներկայացրեց հրավիրման նպատակը։ Հրապարակվել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի հերթական տարեկան զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։Ինչպես ամեն տարի, զեկույցի նախաբանում համառոտ տեղեկություն էր ներկայացված Հայաստանի մասին։ Նախաբանում, ինչպես նախորդ տարիներին, առկա էին հետևյալ տողերը․ «․․․Հայաստանը շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի սեպարատիստներին, որոնք իրենց վերահսկողության տակ են պահում ադրբեջանական տարածքները՝ Լեռնային Ղարաբաղն ու շրջակա տարածքները»։ Զեկույցում բավականին ծավալուն մեջբերումներ կային «Հայաստանի հելսինկյան կոմիտե»-ի 2013թ․ երկու՝«Ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանական բաժանմունքներում»և «Ազատազրկու՞մ, թե՞ տառապանք»  զեկույցներից։

Ահա դեսպանի համարյա բառացի խոսքը․
-Հանդիպման նպատակն է լսել ձեր կարծիքները զեկույցի վերաբերյալ։ Գուցե մենք ինչ-ինչ հարցերում թերացել ենք և ձեր առաջարկությունների շնորհիվ հաջորդ զեկույցն ավելի օբյեկտիվ կկազմվի։

Այնուհետև դեսպանը շրջվեց դեպի ինձ և ասաց․
-Ավետիք, սկսենք ձեզնից։ Խնդրեմ, ներկայացրեք ձեր կարծիքը զեկույցի վերաբեյալ։

Փորձեմ ներկայացնել իմ և դեսպանի երկխոսության հիմնական բովանդակությունը։

-Շնորհակալ եմ, պարոն դեսպան։ Ինձ համար շատ հաճելի էր զեկույցում տեսնել մեր կազմակերպության կողմից արված հետազոտություններից մեջբերումները։ Եվ թերևս իմ սուբյեկտիվ կարծիքով, քանի որ համարում եմ, որ մեր զեկույցներն անաչառ փաստերի վրա են հենված, ապա կարծում եմ, որ Պետդեպ-ի ողջ զեկույցը նույնպես օբյեկտիվ է։

Դեսպանը ժպտաց և կարծելով, թե ես ավարտեցի ասելիքս,ցանկանում էր արդեն խոսքը փոխանցել այլ իրավապաշտտպանի, բայց ես շարունակեցի․

-․․․Բայց․․․Բայց երբ տարբեր լրատվամիջոցներից ինձ զանգահարում և հարցնում են իմ կարծիքը Պետդեպ-ի զեկույցի մասին և ես նրանց ասում եմ նրա օբյեկտիվության մասին, ինձ ներկայացնում են զեկույցի նախաբանը Լեռնային Ղարաբաղի մասին և հարցնում․ «Իսկ ձեր կարծիքով սա նույնպես օբյեկտի՞վ է․․․»։ Եվ այս հարցին դժվար է պատասխանել։

Անկեղծ ասած, այս վերջին հարցում ես ստեցի։ Դեռևս որևէ լրագրող չէր անդրադարձել և ինձնից չէր հարցրել կարծիք Պետդեպի զեկույցների նախաբանի, Արցախին վերաբերող հատվածի մասին։Ինչևէ, հետևեց դեսպանի հարցը․

-Իսկ դուք, այդ հարցի վերաբերյալ ի՞նչ կարծիքի եք։
Պատասխանեցի․

-Իմ համոզմամբ, այս հատվածը ստվեր է գցում ողջ զեկույցի վրա։ Լեռնային Ղարաբաղի հարցը չի առնչվում Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի հետ։ Այն քաղաքական խնդիր է։ Կաարող ենք խոսել Արցախի հիմնախնդրի մասին նաև մարդու իրավունքների տեսակետից։ Այն ժողովուրդների ինքնորոշման, կլանքի, մշակութային իրավունքների հարց է, որոնք արցախցիների անքակտելի իրավունքներն են։

Դեսպան Ջո Հեֆերնը ուշադիր լսեց և հայացքն ուղղեց սրահում ներկա մյուս բոլոր իրավապաշտպաններին․

-Դուք ի՞նչ կարծիքի եք, համաձա՞յն եք Ավետիքի հետ։
Եվ․․․Եվ բոլոր, այո՛ բոլոր իրավապաշտպաննեը կամ ոչինչ չասող հայացքներով լռեցին կամ գլուխները խոնարհեցին։

Հաստատ բոլորը մտածեցին, ինչպե՞ս կարելի է հակադրվել ԱՄՆ-ին, բա դրամաշնորհնե՞րը․․․

Դեսպանատնից դուրս գալիս, մոտեցա Արտակ Զեյնալյանին․
-Արտակ, գոնե դու ձայն հանեիր, չէ՞ որ ես արդեն խոսքը բացել էի, մնում էր համաձայնել։ Որքան ինձ հայտնի է, դու արցախյան պատերազմի մասնակից ես։

Արտակը չպատասխանեց և գլուխը կախ հեռացավ։

Մի պահ պատկերացնենք, որ Պետդեպի Ադրբեջանին վերաբերող զեկույցում լինեին այսպիսի ձևակերպումներ․ «Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործողությունները ինքնորոշված, ազատ, ժողովրդավար Արցախի նկատմամբ»։ Եվ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հրավիրեր Ադրբեջանի իրավապաշտպաններին զեկույցը քննարկելու։ Պատկերացնում եմ, թե ինչպիսի սկանդալ կլիներ։

Ահա և մեր պարտության պատճառներից, թերևս ամենագլխավորը։

Տեսանյութեր

Լրահոս