Ադրբեջանցիները երկու դիրքով առաջ են եկել, նկատվել է առաջխաղացում․ Եղցահող համայնքի ղեկավար
Թշնամու կողմից նկատվել է դիրքերի առաջխաղացում, երկու դիրքով առաջ են եկել, ինչից հետո ռուս խաղաղապահմները միջամտել են, հիմա իրենք իրենց սահմանին կանգնած են, գյուղի ուղղությամբ որևէ կրակոց կամ ոտնձգություն չի եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի Եղցահող համայքի ղեկավար Արտակ Հակոբյանը։
Նա նշեց, որ իրավիճակը ներկա պահին հանգիստ է։
«Այս պահին լարվածություն չկա, գիշերը հանգիստ է անցել, գյուղում մեկ-երկու կրակոց է լսվել, գյուղին անմիջապես մոտ մարտական գործողություններ չեն եղել։ Եղցահողի բնակիչների շրջանում ոչ մի խուճապ, առավել ևս տարհանում չկա, բոլորը զբաղված են իրենց առօրյա աշխատանքներով»,- ասաց համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։