Էստոնիայում որոշել են հանրային տարածքից հանել բոլոր խորհրդային հուշարձանները

Էստոնիայի կառավարությունը օգոստոսի 4-ին կայացած նիստում որոշում է ընդունել հանրային տարածքից խորհրդային հուշարձանները հանելու վերաբերյալ:

«Նախարարների կաբինետի նիստում մենք հանգամանորեն քննարկել ենք, թե ինչպես վարվել հանրային տարածքից օկուպացիոն իշխանության սիմվոլիկայով հուշահամալիրները հեռացնելու հարցում: Ըստ գնահատումների, Էստոնիայում դրաց թիվը հասնում է 200-ից մինչեւ 400-ի: Գլխավորը որոշված է. կարմիր կոթողները հարկավոր է վերացնել հանրային տարածքից, եւ մենք դա կանենք ամենակարճ ժամկետներում»,-ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը:

Նա նշել է. քանի որ հուշարձանները պատկանում են տեղական իշխանություններին, «կոնկրետ ժամանակը եւ կարգը կախված են տեղի իշխանությունների պատրաստակամությունից ու լոգիստիկայից»:

Կալլասն առանձնապես կանգ է առել Ռուսաստանի հետ սահմանակից Նարվա քաղաքում T-34 տանկի հուշարձանի վրա, որտեղ բնակչության 90 տոկոսը ռուսալեզու բնակիչներ են, որոնցից շատերը դեմ են հանդես գալիս տանկի վերացմանը:

Այսպես, օգոստոսի 3-ին եւ լույս օգոստոսի 4-ի գիշերը կոթողի շուրջ նկատել են տասնյակ մարդկանց, որոնք, ոստիկանության տվյալներով, իրենց խաղաղ ու հանգիստ են պահել, բայց կառավարությունը չի բացառում, որ կոթողի հեռացումը կարող է լարվածություն առաջացնել հասարակության մեջ:

«Ներկայում այդ տանկը պատկանում է Նարվա քաղաքին: Բայց քանի որ պարզ է, թե Նարվան ինքը այն չի հանի դրա հետ կապված լարվածություն չառաջանալու կապակցությամբ, պարզ է, որ կառավարությունը պետք է պատասխանատվություն ստանձնի ու տեղափոխի ե՛ւ այդ, ե՛ւ մյուս հուշարձանները, որոնք սիմվոլիկ նշանակություն ունեն»,-կարծում է վարչապետը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս