Ուզում եմ մեր իշխանությունը պատասխանի՝ այդ ճանապարհն ինչո՞վ է մեզ համար լավը. Խոզնավարի նախկին ղեկավար

Հուլիսի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ հայտնել էին, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի օգոստոսին:

Խոսքը Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի մասին է:

Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով կմիանա Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի նախկին ղեկավար Վարո Գրիգորյանի խոսքով՝ որևէ մեկը չի երաշխավորում, որ Կոռնիձորով կառուցվելիք այլընտրանքային ճանապարհն անվտանգ կլինի։

Կարդացեք նաև

«Մեզ ճանապարհ եղել է, բայց սրանք եկան կապիտուլյացիա ստորագրեցին ու ամեն ինչ հանձնեցին, հիմա էլ այլընտրանքային ճանապարհ են կառուցում։ Ես մեկ բան գիտեմ, այդ ճանապարհը մեզ համար լավը չէ։

Ես չգիտեմ՝ այդ ճանապարհն ինչով լավը կլինի, հարց է՝ Աստված ոչ անի, պատերազմի դեպքում մենք կկարողանա՞նք հասնել Արցախ, Արցախից էլ հասնել Հայաստան։ Ուզում եմ մեր իշխանությանը հարց տալ, իրենք էլ թող պատասխանեն՝ այդ ճանապարհն ինչո՞վ է մեզ համար լավը։ Քաշաթաղը հանձնում են, Աղավնոյից հրաժարվում են, Սյունիքից էլ՝ հետը, այսքանից հետո լավ բան պե՞տք է սպասենք։

Գորիսից որ գնում ենք Խոզնավար, մի բարձունք կա, երբ այդ բարձունքին կանգնում եմ, երեխայի նման լացում եմ, ամբողջը տեսանելի է, թե այստեղից ինչեր են հանձնել թշնամուն։ Այդ ամբողջը մերն է եղել, բայց այսօր թուրքն է կանգնած»,- նշեց Վարո Գրիգորյանը։

Ըստ նրա, իշխանությունը մշտապես զիջում է երկրի մի հատվածը, հետևաբար՝ հարց է առաջանում, եթե չզիջի, ապա ինչ է լինելու՝ պատերա՞զմ։

«Ավելի լավ է թող պատերազմ լինի, բազմիցս ասել եմ՝ մենք կանգնած ենք, ավելի լավ է կանգնած մեռնենք, քան այսպես տապալված։ Ես պատրաստ եմ իմ երեխաների, ընկերների հետ կռվել ու զոհվել։ Ավելի լավ է չտեսնեմ այն, ինչ այսօր կատարվում է, քան տեսնեմ։ Հետաքրքիր է, եթե ամեն ինչ զիջելու են, բա Երևանն ո՞ւմ են տալու։ Շատ վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում։ Լավ, դրանք չե՞ն հասկանում, որ մեկ բուռ ենք մնացել՝ Արտաշատից մինչև Երևան»,- եզրափակեց Վարո Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս