«Աղվան Հովսեփյանի մոտ շաքարային դիաբետի ցուցիչը հասել էր 27-ի». Էրիկ Ալեքսանյան

Այսօր նախկին գլխավոր դատախազ, ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան հովսեփյանի գործով հերթական դատական նիստի օրն էր նշանակված: Նիստը, սակայն, տեղի չունեցավ. Աղվան Հովսեփյանը չէր ներկայացել դատարան վատառողջ լինելու հիմքով:

Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին դատարանը բավարարեց նախկին գլխավոր դատախազի պաշտպանների միջնորդությունը վերջինիս նկատմամբ հանձնաժողովային փորձաքննություն իրականացնելու վերաբերալ, որպեսզի որոշվի՝ արդյո՞ք Աղվան Հովսեփյանի հիվանդությունը համատեղելի է կալանքի հետ, թե՞ ոչ:

Ըստ ՔԿ նախկին նախագահի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ նախկին գլխավոր դատախազի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի 2-րդ տիպ, ինսուլինակախյալ, որը զուգորդված է պոլինևրոպատիայով: Աղվան Հովսեփյանը երկար տարիներ է տառապում շաքարային դիաբետով, և այս պահին հիվանդությունը նրա մոտ ունի ծանր ընթացք:

Պաշտպանը նաև ասել էր, որ պոլինևրոպատիան նման հիվանդության զուգորդումով համապատասխանում է կառավարության համապատասխան որոշմանը, որում նախատեսված է այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են կալանավորման հետ:

«Փորձագիտական կենտրոնն արդեն միջոցներ է ձեռնարկում հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ, արդեն անցել են ակտիվ գործողությունների»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Հարցին՝ ինչո՞ւ այսօր դատին ներկա չէր Աղվան Հովսեփյանը, պաշտպանն ասաց՝ իր պաշտպանյալի մոտ երեկ շաքարային դիաբետի ցուցիչի բարձրացում է գրանցվել:

«Դիաբետի ցուցիչը հասել էր 27-ի, և դրանով է պայմանավորված, որ նա նիստին չի կարողացել գալ»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով՝ իրենք հետևողական են լինելու, որ փորձաքննությունը շուտ կատարվի, որ հետո կրկին անդրադառնան խափանման միջոցի փոփոխման հարցին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր: Աղվան Հովսեփյանը չի ընդունում մեղադրանքը:

Տեսանյութեր

Լրահոս