Բաժիններ՝

«Հիշում եմ, որ 22 տարի առաջ էլ անհամբեր սպասում էի առաջին որդուս՝ Մխիթարի ծնունդին»․ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայր

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ժամը 15։00-ի սահմաններում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը։

Ծնողները նրան անվանակոչել են իրենց ավագ որդու՝ Մխիթարի անունով։

Հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, որ 168.am-ի հետ զրույցի  պահին հիվանդանոցի բակում էր, ասաց, որ դեռ երեխային չի տեսել, բայց վերապրել է այն նույն զգացումները, ինչ 22 տարի առաջ․

«Ես հիշում եմ, որ 22 տարի առաջ էլ անհամբեր սպասում էի առաջին որդուս՝ Մխիթարի ծնունդին․․․ և հիմա պատերազմում զոհված որդուս կյանքի դիմաց կյանք եմ ստեղծել․ չգիտեմ․․․ Չեմ կարող այլ բան ասել, այն հոգեվիճակում չեմ, որ երկար խոսեմ։ Չգիտեմ՝ ինչի հետ է կապված, բայց լավ չեմ զգում ինձ»։

Հարցին՝ ի սկզբանե՞ էիք որոշել երեխային Մխիթար անունը տալ, Գարիկ Գալեյանը կարճ պատասխանեց․

«Այո, վաղուց էինք որոշել՝ Մխիթար, Մխիթար է»։

Հիշեցնենք, 20-ամյա զինծառայող Մխիթար Գալեյանը զոհվել է 44 օրյա պատերազմի ընթացքում:  Երբ ծանր մարտում զոհվել էր դասակի հրամանատարը, որպես դիրքի ավագ՝ Մխիթարն իր վրա էր վերցրել մարտը ու մինչև վերջ պայքարել: Մխիթարն ու իր ընկերը՝ Հայկը, զոհվել են իրենց երրորդ ընկերոջ կյանքը փրկելիս։ Երբ լսում են նահանջի հրամանը, վերադառնում են իրենց վիրավոր ընկերոջը փրկելու:  Մարմնով պաշտպանում են վիրավոր ընկերոջն ու իրենց կյանքի գնով փրկում նրան:

Մխիթար Գալեյանի անունը նշված էր 2020 թվականի հոկտեբերի 3-ին հրապարակված Արցախի ՊԲ-ի ցանկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս