Ջրասուզական հերթական պարապմունքներն են անցկացվել Սարսանգի ջրամբարում
Գործնական պարապմունքների վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառային շրջանում դեպքերի ու պատահարների մեծ մասը հիմնականում տեղի է ունենում Սարսանգում: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
Մշակվել է պայմանական սցենար, որի համաձայն, ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Սարսանգի ջրամբարում պատանիներ են անհետացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ջրափրկարարները ջրասուզական հատուկ անջրանցիկ հանդերձանքով որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում այն վայրում, որտեղ տեղի է ունեցել դեպքը:
Գործի է դրվում ողջ գործիքակազմը՝ նյութատեխնիկական բազայում առկա ջրափրկարարական գույքը. փչովի մոտորանավակ, ստորջրյա հետախուզության սարքեր, անօդաչու թռչող սարք, շնչառական ապարատներ, պատգարակներ, փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, կապի միջոցներ։
Որոնողափրկարարական աշխատանքներին ու պարապմունքի ընթացքին հետևել, տեղում՝ անվտանգության ու լողամիջոցների շահագործման կանոնների, ինչպես նաև՝ ջրահեղձման ժամանակ ձեռնարկվող առաջին օգնության հմտությունների վերաբերյալ մի շարք ցուցումներ է տվել ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը:
Ջրափրկարարները հաջող և անփորձանք աշխատանքների արդյունքում՝ ջրամբարից հանել են տուժածներին և ցուցաբերել առաջին օգնություն:
Ջրափրկարարական գործնական պարապմունքները գտնվում են ՆԳ նախարարի և ծառայության ղեկավար կազմի մշտական ուշադրության կենտրոնում: Ամեն տարի համապատասխան գույքով ու տեխնիկական հատուկ միջոցներով համալրվում է նյութատեխնիկական բազան:
Ջրափրկարարները պատրաստ են տարվա բոլոր եղանակներին բարձր մակարդակով իրականացնել ջրասուզական և փրկարարական աշխատանքներ՝ նվազագույնի հասցնելով դժբախտ ելքով դեպքերը:
Ջրասուզական թեմատիկ դասընթացներ կկազմակերպվեն նաև օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: