Հրաչյա Ռոստոմյանը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում տոնած հաղթանակը համարում է նոր հաջողությունների սկիզբ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում տոնած հաղթանակը համարում է նոր հաջողությունների սկիզբ:
«Ֆեյսբուք»-ի իր էջում Ռոստոմյանը մասնավորապես գրել է. «Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կրկին փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող է, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս: Ռեքս Կալամյանին հաջողվել էր ստեղծել մարտունակ թիմ, որը վստահ հաղթանակներ տոնեց Մալթայում կայացած առաջնությունում և ուրախացրեց հայ մարզասերներին հերթական տիտղոսով: Բասկետբոլային տոնը սկսվել էր Երևանում, երբ մեծ թվով հանդիսականների ներկայությամբ Հայաստանի ընտրանին արժանի ելույթ ունեցավ ՍԱԴԱ ի գավաթի խաղարկությունում: Այս երկու մրցաշարերը մեծ ոգևորություն առաջացրին Հայաստանում և վստահ եմ, որ նոր զարկ կհաղորդեն բասկետբոլի զարգացմանը և մասսայականացմանը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ֆեդերացիայի ողջ անձնակազմին, մարզիչներին, խաղացողներին և բոլոր անդամներին, որոնց նվիրված աշխատանքի շնորհիվ գրանցվեցին այս հաջողությունները»: Հայաստանի բասկետբոլի հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակիչում մրցեց Մալթայի հետ: Հենց Մալթայում ընթացող առաջնության եզրափակիչ խաղի առաջին քառորդ մեկնարկային 5 րոպեներին Հայաստանի ընտրանին այդպես էլ միավոր չվաստակեց: Սակայն քառորդն ի վերջո ավարտվեց 19:15՝ ի օգուտ Մալթայի: Երկրորդ քառորդում Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլ նաև առաջ անցավ հաշվի մեջ՝ 30:39: Մեծ ընդմիջումից հետո երկու քառորդներում էլ Հայաստանի ընտրանին պահպանեց միավորների առավելությունը և հաղթանակ տոնեց 84:68 հաշվով: 6 տարի անց՝ 2016 թվականից ի վեր Հայաստանի բասկետբոլի հավաքականը կրկին փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող է: