«Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում Ջհանգիրյանի թողած ժառանգության վերացում»․ Արամ Վարդևանյան
«Այսօր մենք բավականաչափ կարևոր գործողություն ենք կատարելու, անկախ մեր հայրենակիցների քաղաքական հայացքներից, այսօրվա ակցիայի վերաբերյալ նրանք առարկություն չեն ունենալու»,- Ազգային ժողովի մոտ հրավիրված հավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանը որոշակի չակերտներ բացեց՝ ասելով, որ Ազգային ժողովի մոտից երթով ուղևորվելու են Հայաստանում ԵՄ գրասենյակ։
«Վերջին օրերին կարևոր հանգամանքներից մեկը, որ տեղի ունեցավ, դա Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականն էր։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ դատական համակարգն այլևս չունի ջհանգիրյանական ազդեցություն․․․
Բայց Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում Ջհանգիրյանի թողած ժառանգության վերացում։ Մենք դեռ ունենք մարդիկ, որոնք կալանավորված են հենց ջհանգիրյանական արդարադատության հիման վրա։ Ի վերջո, ԵՄ-ն այդտեղ ասելիք չունի՞։
Ես չտեսա՝ ի վերջո, ԵՄ-ն խնդիր տեսնո՞ւմ է, որ իրենց դատական ռեֆորմները, որի համար նաև մեծ գումարներ էին տրամադրում, իրենք դա պատկերացնում էին հենց Ջհանգիրյանի՞ երեսով, այն երեսով, որ բացահայտվեց այդ ձայնագրությա՞մբ»,- ասաց Վարդևանյանը, ապա հավելեց, որ հիմա ուզում են իմանալ՝ Եվրոպայի միությունը համարո՞ւմ է, որ իրեն էլ էին «կուտ» տալիս, թե՞ ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր «կուտ» տալիս։
Վարդևանյանի խոսքով՝ հաջորդ հարցապնդումը, որ պետք է անեն ԵՄ գրասենյակի մոտ, դա 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս Բաքվում պահվող հայ գերիներին է վերաբերում։
«Ես ուզում եմ հասկանալ՝ դա սանկցիաների առարկա չի՞, այսինքն՝ ժողովրդավարակա՞ն է, որ Ադրբեջանն իրեն նման վարքագիծ է թույլ տալիս։ ԵՄ-ն այդտեղ ոչ միայն ասելիք, գործողություն չունի՞ անելու․․․ Որ ցույց տա, եթե մի երկիր իրեն համարում է եվրոպական, ժողովրդավարական, չի՛ կարող ունենալ ռազմագերիներ, որոնց խոշտանգում է, որովհետև դա մի քանի կոնվենցիաներով արգելված է, բայց ես չեմ տեսել, որ ԵՄ-ն ասի՝ Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չի, հակառակը, կարծես ասում է՝ իրենց գործընկերն է.․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում