Արցախի հարցը՝ ԵԽ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովում
Ի՞նչ ազդեցություն ունի Եվրոպայի խորհուրդը «գորշ գոտիներում» մարդու իրավունքների պաշտպանության առումով: Այս խնդրին է այսօր անդրադարձել ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Սայմոն Քովնին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստում:
ԵԽԽՎ պատվիրակների հետ հարցուպատասխանի ընթացքում Սայմոն Քովնին նախ շեշտեց, որ Եվրոպական դատարանի որոշումների կատարման համար կարևոր է, որ ԵԽ անդամ երկրների ղեկավարները հստակ հանձնառություն ունենան.
«Շատ կարևոր է, որ մենք կազմակերպենք ԵԽ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողով, որտեղ յուրաքանչյուր առաջնորդ հստակ, միանշանակ կհայտարարի, որ եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որևէ որոշում է կայացնում, ապա այն ԵԽ անդամ բոլոր երկրները պիտի հարգեն: Առանց երկրների առաջին դեմքերի այդ արձանագրումների՝ առաջ շարժվել հնարավոր չէ»:
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը մտավախություն ունի, որ «կպատճառաբանեն, թե՝ կներեք, մենք կիրականացնենք այս մեկը, բայց այս մյուսը՝ ոչ, որովհետև դա մեզ դուր չի գալիս, կամ՝ հարմար չէ ու թանկ է արժենում»:
Եվ, արդյունքում, ըստ Քովնիի, խախտվում է օրենքի գերակայության առումով միջազգային նշաձող ունենալու Եվրախորհրդի նպատակադրումը: Եվրախորհուրդը՝ Իռլանդիայի նախագահությամբ, սեպտեմբերի 1-ին Գալվեյում համաժողով է կազմակերպելու, քննարկման առանցքում «գորշ գոտիներում» ՄԻԵԴ որոշումների արդյունավետ կիրառման հարցն է լինելու:
Հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ հիշեցնելով այս մասին, Սայմոն Քովնիին հարցրեց՝ մտածե՞լ եք այդ քննարկումներում ներգրավել նաև Լեռնային Ղարաբաղից և նման մյուս գոտիներից անհատների, որոնց իրավունքները փորձում ենք ավելի լավ պաշտպանել:
Քովնին արձագանքեց, թե ուշադրությունը կենտրոնացրել են հենց «գորշ գոտիների» վրա. «Այս բարդ տարածքների վրա ենք կենտրոնանում, ինչպես են Եվրոպայի խորհուրդը և նրա մարմինները դրական ազդեցություն ունենում մարդու իրավունքների պաշտպանության վրա այն տարածքներում, որտեղ առկա է անորոշություն ինքնիշխանության, ժողովրդավարական հաշվետվողականության առումով: Լեռնային Ղարաբաղը հատկապես բարդ տարածք է։ Մեծ է հավանականությունը, որ ձեր բերած օրինակն այդ համաժողովի հիմնական կետը կլինի, քանի որ այն քննարկման համար ակնառու տարածք է»:
Իսկ ելույթում ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարը, կոչ անելով կազմակերպել ԵԽ 46 երկրներից բաղկացած պետությունների ղեկավարների չորրորդ գագաթնաժողովը, ընդգծեց, թե այդ գագաթնաժողովը պետք է ձգտի կրկնապատկել Եվրախորհրդի աջակցությունն Ուկրաինային:
«Ժողովրդավարության ապահովումը պահանջում է, որ մենք պաշտպանենք այն հաստատությունների գոբելենը, որոնք հավաքական պատասխանատվության են ենթարկում պետություններին»,- ասաց ԵԽ Նախարարների կոմիտեի ղեկավարը:
Քովնին համարում է, որ Ժողովրդավարությունը եռոտանի աթոռակ է, այն ոչ միայն ազատ ընտրությունների կարիք ունի, այլ նաև՝ մարդու իրավունքների պաշտպանության ու անաչառ օրենքի գերակայության:
Սիրանույշ Մուրադյան
Ստրասբուրգ, Ֆրանսիա