
Սիրիայի նախագահն այցով մեկնել է ԱՄՆ

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ նշանակալի այցով, որի շրջանակում նա ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում, հաղորդում է Al Arabiya-ն։
Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ ալ-Շարաան ուղևորվում է «Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մասնակցելու համար»՝ հղում անելով նախագահի հայտարարությանը։
Ալ-Շարաան իշխանության է եկել դեկտեմբերին, երբ նրա խմբավորումը գլխավորել է կոալիցիան, որը տապալել է Սիրիայի երկարամյա նախագահ Բաշար Ասադին։
Այսպիսով, ալ-Շարաան կդառնա առաջին սիրիացի առաջնորդը, որը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Նուրեդդին ալ-Աթասիի 1967 թվականի ելույթից հետո։