
Ինչ է մնում հայ ժողովրդին՝ մերժել այս իշխանություններին, ոչ թե հույս ունենալ, որ նրանք չեն վերընտրվի, այլ մերժել օր առաջ. Հակոբ Հակոբյան

Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«2025թ. սեպտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ներկայացրեց կուսակցության նոր հռչակագիրը։
Փաստաթուղթ, որը խոստանում է «Չորրորդ Հանրապետության» հաստատում և «խաղաղություն»՝ առանց ժողովրդի, առանց պատմության, և առանց ազգի։
Հռչակագիրը, որը ձևակերպվել է պետականության նոր փիլիսոփայություն ներկայացնելու անունով, իրականում բացահայտում է իշխող ռեժիմի խորացող խզումը հայկականության էությունից։ Չկա ոչ Արցախի անունը, ոչ 120 հազար բռնի տեղահանված մի ողջ ժողովուրդը, ոչ վերադառնալու իրավունքը, ոչ պարտավորություն՝ Արցախի հարցը նորովի ձևակերպելու կամ շարունակելու համար։ Կարծես 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ցեղասպանությունը, հազարավոր արցախցիների բռնի տեղահանությունը, հարյուրավոր տարիների հայկական պատմությունը պարզապես ջնջվել են։ Միայն սառը, տեխնոկրատական տեքստ, որը փորձում է վերածել Հայաստանը մեկուսացված «նորմալ պետության», որտեղ ժողովուրդը ոչ մի հիշողություն չունի, ոչ մի իրավունք չունի, և ոչ մի պատմություն չունի պաշտպանելու։
Սա փաստաթուղթ է, որը կոծկում է պարտությունները հաղթանակների անվան տակ, ջնջում է ազգային ողբերգությունները՝ «խաղաղության դարաշրջանի» անվան տակ։ Նիկոլ Փաշինյանի Չորրորդ Հանրապետությունը ոչ թե ազգային վերածնունդ է, այլ ազգային մոռացում։ Դա մի համակարգ է, որտեղ ՀՀ քաղաքացին պետք է լինի ոչ թե պատմության կրող, այլ սպառող։ Ոչ թե պահանջատեր, այլ հարմարված։ Ոչ թե հայ, այլ պարզապես բնակիչ։
Իսկ ինչ է մնում հայ ժողովրդին՝ մերժել այս իշխանություններին, ոչ թե հույս ունենալ, որ նրանք չեն վերընտրվի, այլ մերժել օր առաջ»: