Դոլարի արժեզրկումը սպառնում է հարյուրավոր ՏՏ ընկերությունների գործունեությանը

Վերջին 2 ամսում դոլարի գինն իջել է ավելի քան 15 տոկոսով։ Մարտի վերջի-ապրիլի սկզբի համեմատ՝ դոլարն էժանացել է մոտ 60 դրամով։ Ազգային արժույթի՝ դրամի նկատմամբ դոլարի արժեզրկման դեպքում նվազել է նաև դրամի գնողունակությունը։

Դրամի արժևորման և դոլարի արժեզրկման հետևանքով մեծ խնդիրների առաջ են կանգնած ՏՏ ոլորտի ընկերությունները: Այսօր Հայաստանում գործում է 1000-ից ավելի ՏՏ ընկերություն: Դրանցից մոտ 100-ն են խոշոր ընկերություններ, որոնք ինչ-որ կերպ կկարողանան դիմագրավել այս խնդիրներին:  Այսպես շարունակվելու դեպքում՝ մի քանի հարյուր փոքր ընկերություններ պարզապես կփակվեն:

ՏՏ ընկերությունների մեծ մասն աշխատում է արտաքին շուկաներում, արտահանում է ծառայություններ, որոնց դիմաց վճարվում է դոլարով ու եվրոյով։ Այդ ընկերությունները Հայաստանում իրենց աշխատակիցներին վճարում են դրամով, պետության նկատմամբ հարկային պարտավորությունները նույնպես կատարվում են ՀՀ դրամով:

«ՏՏ ոլորտի վնասներն ու ռիսկերը՝ դրամի արժևորման և դոլարի արժեզրկման հետևանքով» թեմայով «Մանթաշյանց» գործարարների միության գրասենյակում հրավիրված ասուլիսում DataArt ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը նշեց, որ միջազգային ընկերությունների հետ կնքվող պայմանագրերում որպես փոխարժեք՝ հիմք է վերցվում դոլարը: Մեկ տարի և ավելի ժամկետով կնքվող պայմանագրերը դժվար է վերանայել ու դա բացատրել նրանով, որ մեր ազգային արժույթը արժևորվել է: Անցած տարի դոլարի  փոխարժեքը միջինում 480 դրամն էր, այսօր այն դարձել է 420 դրամ, ինչն արդեն 20 %-ի կորուստ է: ՏՏ ոլորտի համար 20 %-ի կորուստն արդեն լուրջ թիվ է: Այն ազդում է ՏՏ ընկերությունների զարգացման ու ներդրումներ անելու հնարավորությունների վրա:

«Պարադոքս է, որ Հայաստանի Հանրապետությունում դոլարն էժանանում է, ինչը պետք է բերեր որոշ ապրանքների ու ծառայությունների էժանացման, սակայն դրանք ոչ միայն չեն էժանանում կամ մնում նույն մակարդակի վրա, դեռ մի բան էլ թանկանում են: Սա ստեղծում է շատ ռիսկային իրավիճակ»,- նշեց Արսեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով, ամենաբարդն աշխատավարձերի քաղաքականությունը ճիշտ իրականացնելն է: Պետք է կարողանալ 480 դրամով հաշվարկված  աշխատավարձերը՝ փոխարժեքի նվազման դեպքում փոխհատուցել տարբերությունը:

«Չգիտեմ՝ ինչ է մտածում մեր կառավարությունը, ինչ քայլեր կձեռնարկի այս իրավիճակում»,- եզրափակեց Արսեն Բաղդասարյանը:

AIST Global ընկերության հիմնադիր-տնօրեն Հրայր Շահբազյանն էլ նշեց, որ ի տարբերություն շատ ՏՏ ընկերությունների, AIST Global ընկերությունն աշխատում է եվրոյով, ու եվրոյով աշխատող ընկերությունների գործերը շատ ավելի վատ են: Խնդիրն այն է, որ, եթե դոլարի փոխարժեքը նվազել է 60 դրամով, ապա եվրոյինը՝ 100 դրամով:

«20 %-ից ավելի փոխարժեքի նվազումը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ շատ ընկերությունների համար: Շատերը մտածում են, որ ՏՏ ոլորտը երազանքների բիզնես է, որ այն ծաղկում է, բայց չեն մտածում, որ ոլորտն աշխատում է  20-30% մարժայով: Եվրոյի 30% արժեզրկման հետևանքով այդ մարժան արդեն գոյություն չունի: Մեր ընկերություններն աշխատավարձերով արդեն կարողանում էին մրցակցել Ուկրաինայի, Լեհաստանի ընկերությունների հետ, սակայն փոխարժեքի այս անկման պարագայում այդ երկրների ընկերություններն ավելի շահավետ պայմաններում են հայտնվում: Կենտրոնական բանկը վարում է ջայլամի քաղաքականություն, ասում է՝ աշխարհն է այդպես թելադրում, բայց պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկվեն, որովհետև եթե այսպես շարունակվի, բավականին ՏՏ ընկերություններ՝ հատկապես նոր ձևավորվողները, չեն դիմանա և պարզապես կփակվեն»,- մանրամասնեց Հրայր Շահբազյանը:

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս