Ինչո՞ւ է լռում Պաշտպանության նախարարությունը

Մայիսի 28-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ այդ օրը ժամը 10:40-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

Ավելի ուշ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել:

Հիմք ընդունելով ՊՆ պաշտոնական տեղեկությունը, միջադեպը որոշ լրատվամիջոցներ որակեցին Ալիևի «նվերը» Հանրապետության տոնի առթիվ:

Ադրբեջանական կողմն անմիջապես դեպքի օրն էր հերքել տարածված տեղեկությունը և միջադեպին իրենց մասնակցությունը, սակայն դեպքից միայն 2 օր հետո է որոշել հերքումը լրացնել հորինովի պատմությամբ, թե միջադեպը տեղի է ունեցել հայ զինծառայողների միջև՝ ոչ կանոնադրական հարաբերությունների համատեքստում:

Ի դեպ, ադրբեջանական կողմը նաև լուսանկարներ է կցել ԱՀ պետական սահմանային ծառայության հայտարարությանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը, սակայն, մինչ այժմ լռում է, թերևս, նպատակահարմար չգտնելով պատասխանել Ադրբեջանի, այսպես ասած, արդարացմանը:

Իսկ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքից արձակված կրակոցից զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

Միաժամանակ, ասվում է, որ նախնական տեղեկություններով՝ 2022թ. մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել է հրազենագնդակային վիրավորում և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ 2022թ. մայիս 29-ին՝ ժամը 03:47-ին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը: Պարզ է՝ նախաքննության շարունակման խնդիր կա:

Սակայն Ադրբեջանը շարքային Դավիթ Վարդանյանին ներկայացնում է «ալկոհոլային դավադրության զոհ», այսինքն՝ այստեղ ՀՀ բանակի և զինվորի պատվախնդրության հարց է բարձրացվում:

Ի դեպ, մայիսի 28-ին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի ղեկավարած Հատուկ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող զորամասերում ոչ կանոնադրական հարաբերությունների արատավոր դեպքեր եղել են, եղել են նաև ադրբեջանական առաջխաղացումների դեպքեր:

Իսկ հակառակորդի կրակոցից զոհված Դավիթ Վարդանյանը, ըստ մամուլի հրապարակումների, 44-օրյա պատերազմի մասնակից էր, 2 ամսից զորացրվելու էր:

ՀԳ Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Մենք այնքան իմպոտենտ, անողնաշար, անհայրենիք, անպատիվ իշխանություն ունենք ու էնքան Ադրբեջանին հանձնած՝ հողատու Նիկոլ, որ Ադրբեջանի Սահմանապահ ծառայությունը հերիք չէ նկարում է մեր տղերքի տեղակայման վայրը (առավել բարենպաստ դիրքերի), մի հատ էլ գրում են, որ 2 օր առաջ սպանված Դավիթ Վարդանյանը դարձել է «ալկոհոլային դավադրության զոհ»:

Կարմիր սլաքով նշվածը ամենայն հավանականությամբ արդեն սպանված Դավիթ Վարդանյանն է:

Սա էլ ձեզ ևս մեկ պատճառ տունը չնստելու համար:

Էսա նիկոլը ու իրան սատարող լատենտները…»։

Տեսանյութեր

Լրահոս