«Այսօրվա հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը». Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Միշել-Փաշինյան-Ալիև հայտարարությանը․ «Այսօրվա հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքն ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:
Տեղի է ունենում Հայաստանի անվտանգության բզկտում ու չկա որևէ երաշխիք:
Բայց տեղի ունեցողը նաև այն բանի հետևանք է, որ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն զրոյացրել են պատմական նշանակության մեր հիմնարար թեզերը՝ սկսած նրանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Արցախի հետ:
Արդարացրել կամ օրինականացրել են ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները Գեղարքունիքում և Սյունիքում, զիջել են մեր տարածքային իրավազորությունը:
Սյունիքում ճանապարհներն այնպես են կառուցում, որ դրանք գտնվում են ադրբեջանական նշանառության ներքո:
Արտաքին աշխարհից, ներքին հանրությունից ու Սփյուռքից թաքցրել ու շարունակում են թաքցնել ադրբեջանական հանցանքների փաստերը:
Սեփական սխալները կոծկելու և դժգոհություն առաջ չբերելու, պաշտոնները պահպանելու համար լայնածավալ ճնշումների են ենթարկում բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են այդ փաստերը:
Կապել են մեր պետության ձեռքերը միջազգային մեխանիզմների հարցում, իսկ երկիրը դարձրել աշխարհաքաղաքական շահերի զոհը:
Այս ամենն Ադրբեջանի ձեռքերն ավելի է ազատել՝ աշխարհը կեղծիքներով լցնելու համար:
Թմրեցրել ու շարունակում են թմրեցնել մարդկանց զգոնությունը»: