Ինչո՞ւ է Զարեհ Սինանյանը չեղարկել Իրան այցը
Մայիսի 20-ին նախատեսված էր ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցն Իրան։ Սինանյանի՝ Իրան այցը հետևելու էր նրա՝ Լիբանան և Սիրիա կատարած այցերին, և տեղի էր ունենալու Հայաստանում օր օրի ավելի մեծ թափ հավաքող համաժողովրդական «Դիմադրութեան շարժման» ֆոնին։
Հիշեցնենք, որ Սինանյանի Լիբանան և Սիրիա կատարած այցերը, նրա՝ Ֆրանսիա կատարած այցի նման, կատարյալ ձախողման էին մատնվել, քանի որ տեղի հայկական համայնքների ազդեցիկ, քաղաքական, հասարակական և մշակութային կառույցներն ու ազգային ակնառու գործիչները հրաժարվել էին հանդիպել Սփյուռքի գործերով հանձնակատարի հետ։
Նմանատիպ տհաճ իրավիճակից խուսափելու նպատակով, 168.am-ի տեղեկություններով՝ Զարեհ Սինանյանը չեղարկել է իր այցն Իրան:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղի ազգային իշխանությունները, ինչպես նաև գրեթե բոլոր ազգային, հասարակական և մշակութային կառոյցները հասկացնել են տվել, որ չեն պատրաստվում հանդիպել ՀՀ գործող իշխանությունների ներկայացուցչի հետ, որը, մի կողմ թողնելով իր հիմնական պարտականությունները, այցն օգտագործում է համայնքները պառակտելու, ՀՀ գործող իշխանության ապազգային քաղաքականությունն արդարացնելու և Հայաստանում ծավալվող իրադարձությունների մասին ապատեղեկատվություն տարածելու համար, Զարեհ Սինանյանը որոշել է խուսափել Իրան մեկնելուց»,- ասաց իրանահայ մեր աղբյուրը: