Վերջին օրերին թուրքական լիրայի արժեզրկումը շարունակական բնույթ է ստացել
2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շոշափելի արժեզրկում է գրանցում դոլարի նկատմամբ: Վերջին ամիսներին թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց տատանվում էր 14.5-14.7 -ի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մայիսի 9-ին դոլարի փոխարժեքը անցավ 15 լիրայի շեմը, մայիսի 10-ին հասավ 15.25 լիրայի: Մայիսի 16-ին 1 դոլարի արժեքը հասել է 15.55 թուրքական լիրայի: Գրեթե 2 շաբաթ առաջ սկսված աստիճանական արժեզրկման հետևանքով թուրքական լիրան արժեզրկվել է արդեն 4.5%-ով: Այս միտումը շարունակվում է:
Հիշեցնենք, որ 2021-ի տարեվերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 18 թուրքական լիրան: Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահը հայտարարեց տնտեսական քայլերի փաթեթի մասին, որ ստացավ դոլարի փոխարժեքով փոխհատուցվող ավանդների ծրագիր անվանումը:
Այդ ծրագիրը լիրայով ավանդներ ունեցողներին դոլարի փոխարժեքի տատանման արդյունքում կրած կորուստների փոխահատուցումից բացի, ներառում է նաև արտահանողների համար ապագայի համար կայուն փոխարժեքի տրամադրում և մի շարք այլ քայլեր: Այս ծրագրի ներդրմամբ և դրան զուգահեռ Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր եղավ այս ամիսներին փոխարժեքը կայուն պահել 14.5 լիրայի շրջակայքում: