Ուկրաինայի շրջափակված շրջաններում հայեր կան. Դավիթ Մկրտչյան
Ուկրաինայում պատերազմի 78-րդ օրն է: Համաձայն ՄԱԿ-ի հրապարակած նախնական տվյալների՝ պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 3496 խաղաղ բնակիչ: Ուկրաինական իշխանություններն առաջարկել են ռուսաստանցի ռազմագերիներին փոխանակել «Азовсталь»-ում գտնվող ուկրաինացի մարտիկների հետ և դուրս բերել մարդասիրական միջանցքներով։ Ռուսաստանը դեռևս պատասխան չի տվել այս առաջարկին։
Ռուսաստանի Բելգորոդի մարզի իշխանություններն էլ հայտնել են ուկրաինական կողմից Սոլոխի գյուղի ռմբակոծման մասին, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 6-ը։
Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանից փորձեցինք պարզել, թե ո՞ր շրջաններում են հայերը շարունակում մնալ շրջափակման մեջ, ու արդյո՞ք կա դիզվառելիքի, սննդի խնդիր, վերջինը պատասխանեց. «Շրջափակված Մելիտոպոլ, Մարիուպոլ, Բերդյանսկ, Վոլնովախա, Խերսոն, Կախովկա, Չոնգար շրջաններում հայեր կան: Վառելիքի խնդիր կա ամբողջ պետությունում, քանի որ ոչնչացվել են բոլոր պահեստները: Ինչ վերաբերում է սննդին, ապա խնդիր չկա ոչ մի տեղ: Սնունդ կա, իսկ ով գնելու հնարավորություն չունի՝ գրանցվում և հումանիտար օգնություն է ստանում»:
Ուկրաինայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Կիևում վերսկսել են իրենց բնականոն աշխատանքը:
«Հյուպատոսական բաժինը քաղաքացիների ընդունելությունը կրկին կիրականացնի Կիևի Սիչովիխ Ստրիլցիվ փ. 51/50 հասցեով մայիսի 23-ից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։