«Շարասյուներ շատ եմ տեսել, բայց այսպես կատաղած, որ՝ սրբենք ճանապարհը, մաքրենք․․․ նախորդ տարիներին չեմ հանդիպել»․ Աննա Մայիլյան
ՀՀ վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աննա Մայիլյանի կարծիքով՝ մեկնարկած փողոցային շարժումն ազգային է:
«Ես չեմ ուզում լսել՝ «ընդդիմության կողմից կազմակերպված շարժում», «ընդդիմության պայքար» արտահայտությունները, որովհետև իրեն հարգող յուրաքանչյուր հայ մարդ, հայաստանցի, ով հասկանում է խնդիրները, ում սիրտը պայթում է այն ամենից, ինչ կատարվել և կատարվում է մեզ հետ, պետք է տեղից վեր կենա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Աննա Մայիլյանը նկատեց՝ եթե ընտանիքին վտանգ է սպառնում, դուռը փակում են և ասում՝ վե՞րջ. «Մտնողը պատուհանից էլ, տանիքից էլ կարող է ներխուժել: Ես միշտ իմացել եմ, որ մեր սահմաններն ապահով են, և դա զգացել ենք: Նաև, փառք Աստծո, առիթներ եղել են սահման այցելելու և զգալու այդ ուժը, ապահովությունը: Բայց այս պահին, իհարկե, տագնապ կա, վտանգ կա, և առաջին հարցը մեր երկրի անվտանգությունն է: Մեր երկրի անվտանգության հարցի շուրջ պետք է բոլոր ուժերը համախմբվեն»:
Երգչուհին նշեց, որ շատերն են իրեն հարցնում, թե ինչու համերգներ չունի վերջին շրջանում, և նա պատասխանում է, որ հայրենիքի անվտանգությունից կարևոր հարց այս պահին չկա, համերգների ժամանակը չէ.
«Ստեղծագործական որևէ ցանկություն չկա: Այն, ինչի մասին մենք հիմա խոսում ենք, իմ կոլեգաները նույն բանն ասում են»:
Ըստ նրա՝ փողոցային շարժումը բավականին ոգևորիչ է, ժողովուրդը ոտքի է կանգնել. «Շարժումը նշանակում է, որ օրգանիզմն ապրում է, սիրտն աշխատում է, մարմինն ուզում է շնչել: Անշունչ էր մարմինը, և բոլորս ասում էինք՝ լավ, ինչ-որ մի բան չի կատարվելո՞ւ՝ մենք այս վիճակից դուրս գանք, այսինքն՝ ոչ թե վիճակից ենք դուրս գալիս, այլ սկսում ենք ապրել: Մենք իրավունք չունենք, ինչ ասում են՝ հանգիստ ընդունենք: Լաոն վաղուց պետք է զարթնած լիներ, այլ ոչ քնած մնար տարիներով և մտածեր՝ էս խորովածից էն խորովածը: Ես աղոթում եմ, որ այնպիսի մի ղեկավար լինի հայոց աշխարհին, այնպիսի մարդկանց խումբ լինի, ովքեր ճկուն կլինեն, կկարողանան անձնական ամբիցիաները մի կողմ դնել, և առաջնահերթ լինի իրենց համար ազգայինը»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Աջափնյակի մետրոն կառուցելու, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին, իսկ Էրդողանն էլ հայտարարել է, թե առաջիկայում սկսվելու է առևտուրը, և Հայաստանի հետ խնդիրները հաղթահարվելու են. հայ ժողովուրդն այդքան նյութապա՞շտ է, որ փորձում են նման հայտարարություններով լռեցնել կամ ոգևորել, Աննա Մայիլյանը պատասխանեց.
«Դե, հենց այնպես չէ, որ ասում են, չէ՞, ուսումնասիրել են մարդիկ, և հայտնաբերել են, որ կարող է պատահի՝ ստամոքսի համար մեզ էլ ծախենք: Այսպիսի պատկերացում ունեն մեր մասին: Ես ցավում եմ, որ նման պատկերացում ունեն: Հերոսական նահատակություններն ապացուցում են, որ մեր ազգը, մեր ժողովուրդը լրիվ ուրիշ նկարագիր ունի: Ես համարում եմ, որ այս 44-օրյա պատերազմում տված կռիվը… յուրաքանչյուր երկիր կերազեր նման մարտիկներ ունենալ ընդհանրապես, և փառք մեր ժողովրդին, մեր զինվորներին, որ նման կռիվ տվեցին հինգ գլխանի դևի դեմ: Այնպես որ, մեր ժողովրդի մասին պետք չէ նման կարծիք ունենալ: Եթե մենք պատմություն ենք ուսումնասիրել կամ մի փոքր ծանոթ ենք պատմությանը, պետք է հասկանանք, որ հարևան թշնամին իր նկարագիրը երբեք չի փոխում և նման խաղաղասեր արտահայտություններով՝ ուրիշ խնդիր է լուծում»:
Դիտարկմանը՝ ամբողջ հարցն այն է, որ միայն թշնամին չէ նման հայտարարություններ անում, մենք լսում ենք, թե Հայաստանի իշխանությունների կողմից ինչ հայտարարություններ են արվում, նա արձագանքեց.
«Դե, ես ժողովրդին եմ դիմում, որ՝ սիրելի ժողովուրդ, պատմություն է պետք կարդալ և իմանալ: Ժողովրդական ասացվածքը տեղին է՝ շանը սիրիր, բայց փայտը պահիր ձեռքումդ, մենք երբեք չպետք է կորցնենք զգոնությունը: Թշնամին չի կարող փոխվել, չի կարելի այդպես միամիտ լինել»:
Աննա Մայիլյանը երկու մոտեցում ունի այս օրերին հանրությունը ցնցած՝ վարչապետին սպասարկող կառավարական ավտոշարասյան կողմից հղի կնոջը վթարի ենթարկելու և անօգնական թողնել-հեռանալու փաստի վերաբերյալ:
«Ես երկու-երեք գիշեր չեմ քնում, որովհետև ոչ թե արվեստագետ եմ, էմոցիոնալ եմ, այլ շատ եմ ցավում, և դա եզակի դեպք չէր: Ես հաճախ եմ տեսնում՝ նույն շարասյունը մեր դիմացի փողոցով ինչ արագությամբ է երթևեկում, և բարձրաձայն առաջին մեքենան դիմացի մեքենաներին զգուշացնում է արագ ճանապարհն ազատել: Նեղ փողոց է, այդ մեքենան ո՞ր մի պատին գնա խփվի: Այդպես չէ, էլի, չի կարելի, ես չգիտեմ՝ ո՞ր մի օրենքն է ասում, որ ճանապարհն այդ ձևով պետք է մաքրես և գնաս: Կամ այդ դիմացի մեքենան ի՞նչ արագություն պետք է բացի, ծեփվի պատին, որ շարասյունը գնա: Ես այսքան տարի ապրում եմ, բայց նախորդ տարիներին չեմ հանդիպել նման բան: Շարասյուներ շատ եմ տեսել, բնականաբար, բայց այդ ձևով՝ այսպես կատաղած, որ՝ սրբենք ճանապարհը, մաքրենք, չգիտեմ՝ ինչու է այդպես:
Իմ մյուս կարծիքը, որ նման դեպքեր կատարվում են, հնարավոր է, բայց անցումով էր անցնում: Ինձ հետ անձամբ նման դեպք է պատահել. Ոստիկանության հենց դիմացի մայթից անցել եմ դեպի Ոստիկանության շենքի մոտ՝ Նալբանդյան փողոցում: Ոստիկանական մի մեքենա կանգած էր մուտքերի մոտ, երկու ոստիկան էլ գլխավոր մուտքի մոտ էին կանգնած, ես փողոցն անցնում եմ հենց «զեբրայի» վրայով, իմ ճանապարհն է, և սովորություն ունեմ ձեռքով ցույց տալ, որ ճանապարհն իմն է, և մեքենան սարսափելի արագությամբ նպատակասլաց գալիս էր ինձ վրա, անկեղծ եմ ասում՝ նպատակասլաց գալիս էր ինձ վրա:
Հերիք չէ՝ ոստիկանության մեքենան ոչ մի ազդանշան չտվեց, բարձրախոսով չասաց՝ արագությունը նվազեցրեք, ես եթե մի քայլ հետ չկանգնեի, արդեն չկայի: Սովորական մեքենա էր, բայց Ոստիկանության դիմաց, ոստիկաններն էլ կանգնած: Ես ապշած էի, չէի կարողանում շարժվել:
Ոստիկաններն ինձ մոտեցան, ասացին՝ անցեք, ասացի՝ շոկի մեջ եմ, չեմ կարողանում քայլել, ասացին՝ դե, լավ, էլի, ինչ եղավ, անցավ-գնաց: Ես կադրերով տեսա, որ այդտեղ էլ ոստիկան կար կանգնած, և ցավում եմ, որ նման վերաբերմունք կա, սա էլ էր ինձ համար նորություն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում