Բաժիններ՝

Աթենքում տեղի է ունեցել «Վարդապետի լռությունը» ֆիլմի դիտումը

Աթենքի «Mikrokosmos Cinema» կինոթատրոնում ցուցադրվել է Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» («Alter Ego») ֆիլմը։ Միջոցառումը կազմակերպվել էր Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից` Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։

Միջոցառման մեկնարկին դեսպանության դեսպանորդ տկն. Հասմիկ Դաշտոյանն ընթերցել է արտակարգ և լիազոր դեսպան պրն. Տիգրան Մկրտչյանի խոսքը, որում նշվում էր.

«Անցյալ շաբաթ բոլորս ականատեսը եղանք, թե ինչպես հիշատակվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում, Արցախում, Հունաստանում, Կիպրոսում եւ ամբողջ աշխարհում։ Ուղերձը միանշանակ է` «Այլեւս երբեք»: 44-օրյա պատերազմից հետո եւ օր-օրի ահագնացող աշխարհաքաղաքական վայրիվերումների համատեքստում այդ խոսքերը էլ ավելի վճռականորեն պարտադրելու կարիք են զգում։ Բոլորն են հասկանում, որ միջազգային հարաբերություններում լոզունգները կյանքի չեն կոչվում ինքնաբերաբար, դրանք կյանքի կոչման հաստատուն քայլերի կարոտ են զգում։ Հայ ժողովրդի ապրելու իրավունքը իր պատմական հայրենիքի մի մասում` Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, որեւէ մեկի կողմից եւ երբեք չպետք է կասկածի տակ առնվի։ Դրա համար, իհարկե, հայ ժողովուրդը միահամուռ պետք է պայքարի` անկախ մեր ժողովրդի տարբեր հատվածների ունեցած քաղաքական եւ գաղափարական տարաձայնություններից։

Այսօր Հունաստանում առաջին անգամ պաշտոնապես, թեև փակ ձեւաչափով, կազմակերպվում է Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի դիտումը, որը ներկայացնում է Կոմիտաս վարդապետի կյանքի վերջին տարիների հոգեվիճակը՝ ժամանակակից իրողություններից ելնելով։ Պարբերաբար տեղափոխվում ենք 1915 թվականի ապրիլ 24 եւ դրան հաջորդող մղձավանջային օրերը, որոնք հոգեպես կործանեցին 20-րդ դարի հայ հանճարին` Կոմիտասին։ Ցեղասպանությունից հետո նա ֆիզիկապես ապրեց եւս 20 տարի, բայց ցեղասպանության հետ նրա կյանքն ըստ էության կանգ առավ»։

Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ, մտավորականներ, մշակութային գործիչներ, գիտնականներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս