Բաժիններ՝

Հայաստան կժամանեն ճանաչված ջազմեններ. անունները հայտնի են

Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին, Հայաստան կժամանեն միջազգային հայտնի եւ սիրված ջազմեններ: Երաժշտականը տոնը, որը իրականացնում է Ջազի հայկական ասոցիացիան Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ, այս տարի եւս կանցկացվի բացօթյա համերգներով՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում՝ Կասկադում:

Ջազի հայկական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Կամո Մովսեսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ համերգին մասնակցելու են ոչ միայն մեր անվանի ջազմեններն ու ջազ խմբերը, այլեւ արտասահմանից ժամանած անվանի ջազմեններ:

«Ինչքան ջազ երաժիշտներ կան, մենք փորձել ենք ներգրավել այդ միջոցառմանը: Հյուրեր ունենք նաեւ Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից: Ռուսաստանից հրավիրվել է հայազգի ջազմեն Թոնի Կարապետյանը, որը շատ լավ դաշնակահար եւ կոմպոզիտոր է, որը ճանաչված է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Եվրոպայում եւ Ամերիկայում: Այդ օրը Կասկադի բեմում ելույթ կունենա նաեւ աշխարհահռչակ ջազմեն վոկալիստ Չայնա Մոսեսը, իսկ Ֆրանսիայից կգա մեկ այլ հայրենակից՝ Անդրե Մանուկյանը: Նա շատ հայտնի եւ հարգված պրոդյուսեր է, երաժիշտ ու դաշնակահար: Բոլորը ելույթ են ունենալու մեկ բեմի վրա»,-մանրամասնեց Մովսեսյանը:

Հարցին՝ ինչո՞ւ ենք ջազին այսքան մեծ կարեւորություն տալիս, երբ օրինակ հայկական ազգային երաժշտության օր չունենք, մինչդեռ ջազը ամեն տարի այսպիսի մեծ շուքով է նշվում, Ջազի հայկական ասոցիացիայի նախագահն ասաց. «Որ չի նշվում ազգային երաժշտության տոնը, դա խնդիր է, որը պետք է լուծվի պետական քաղաքականությամբ: Ես կարծում եմ, որ պիտի այդպիսի օր լինի: Ջազի հետ կապված մենք ունենք շատ խորը արմատներ: Այն ի հայտ է եկել վաղուց: 1938թ. մենք արդեն պաշտոնապես ունեինք ջազ նվագախումբ՝ իր ավանդույթներով եւ իր երաժիշտներով, որոնք հայտնի էին ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Հայկական ջազը իր հայկական ֆոլկլորային տարրերով այսօր աշխարհում բավական ճանաչված է: Աշխարհը գիտի հայ երաժիշտներին ու հայկական ջազը»:

Մովսեսյանը շեշտում է՝ նվիրյալների շնորհիվ կարողացել են հասարակության մեջ վերաբերմունք փոխել ջազ երաժշտության նկատմամբ: «Կարողացել ենք փրկել երաժշտությունը եւ այսպես ասած՝ պրոպագանդել, քանի որ ամեն տարի, անկախ խոչընդոտներից, գնում ենք առաջ: Ջազը ինտելեկտուալ երաժշտություն է, եւ մենք ուզում ենք այն զարգացնել՝ պահպանելով նաեւ իր ավանդույթները: Երիտասարդությունը պիտի իմանա, որ կա նմանատիպ երաժշտություն, որը այսօր քայլ առ քայլ գնում է առաջ եւ ունի իր տեղն ամբողջ աշխարհում»,-ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս