124 մլն դրամ՝ ՊՊԾ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար
Կառավարությունը 124 մլն 330.000 դրամ կտրամադրի Պետական պահպանության ծառայությանը. նախագիծն ընդգրկված է գործադիրի այսօրվա նիստի չզեկուցվող հարցերում:
Նախագծի 2-րդ կետը գաղտնի է։ Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը բխում է Կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը» կետից:
«Համաձայն նշված կետի` ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է մշտապես կատարելագործվող, արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ, տեխնիկական զարգացումներին համընթաց արդիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը: Հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը»,- ասված է հիմնավորման մեջ։
Որպես ակնկալվող արդյունք է նշվում Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեության ապահովումը:
Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին Օրենսդրական նախագծերի միասնական կայքում ՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում, ԱԱԾ-ն քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և տրամադրել վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ։