«Չէ, ադրբեջանցու հետ խաղաղ ապրել չի լինի, խելքս չի կտրում, որ նման բան լինի». Հադրութից տեղահանված բնակիչ

74-ամյա Արմո Սանամյանն այն հազարավոր արցախցիներից է, որը արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանվել է իր բնակավայրից՝ Հադրութի Մեծ Թաղեր գյուղից։

Կորցնելով տունը՝ Արմո Սանամյանը պատերազմից հետո հաստատվել է Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում։ Նրա որդիներից մեկն Իվանյանում է ապրում, ուստի նա էլ է որոշել ժամանակավոր ապրել Իվանյանում՝ հույսը չկորցնելով, որ մի օր վերադառնալու է Մեծ Թաղեր։

«Հոկտեմբերի 14-ին եմ դուրս եկել Հադրութի Մեծ Թաղեր գյուղից, չէի ուզում դուրս գալ։ Ինձանից հետո գյուղում մի քանի հոգի են մնացել, հետո իրենք էլ տունը թողած՝ դուրս են եկել։ Ոչ մի բան չեմ հասցրել հետս վերցնել, միայն հագիս շորերով դուրս եմ եկել։ Ամեն ինչ թողել՝ դուրս ենք եկել այն հույսով, որ հետ ենք գնալու։ Բայց հետո չգնացինք, ամբողջը մնաց թուրքերի ձեռքին։ Դե, մենք տեսանք, որ թշնամին արդեն Կովսականը վերցրել է, արդեն հնարավոր չէր էլի մնալը, վերջին մեծահասակը ես եմ եղել, որ դուրս եմ եկել գյուղից։ Կանայք չէին մնացել, հիմնականում դուրս եկած են եղել։ 4 երեխա ունեմ, մի տղաս մահացել է, երկու տղաս ու աղջիկս ամուսնացել են, իրենց ընտանիքը կազմել, հիմա 11 թոռ, 2 ծոռ ունեմ»,- 168.amի հետ զրույցում ասաց Արմո Սանամյանը։

Նրա խոսքով՝ պատերազմում հայկական կողմի պարտության համար սխալ թույլ տված մարդը կիմանա, թե ինչ սխալ է արել։

«Այսպես ասած, միասնական բռունցք չենք կազմել, ամեն մեկն իր համար է եղել, դրա համար էլ պարտվել ենք, եթե միասնական լինեինք, գուցե առաջին պատերազմի նման հաղթեինք։ Ես կցանկանայի, որ Արցախի ճակատագիրը լավ լիներ, մենք էլ գնայինք մեր գյուղեր, մեր տուն ու տեղին։ Ճիշտ է, տունը ցրիվ տված են լինելու, բայց մեր ծննդավայրն է, եթե տունը նորից ես էլ չսարքեմ, մեր ջահելները կսարքեն, տղաս կսարքի։

Հադրութից դուրս գալուց հետո ուղիղ գնացել եմ Կապան, եղբայրս զանգել-ասել է՝ եկեք այստեղ։ Մի քույրս ու եղբայրս էլ Երևանում են, այդ ժամանակ ասացին՝ արի Երևան, ասացի՝ չէ, ես Երևանում չեմ հարմարվի, իմ տեղը գյուղում է։ Այսպես էլ չստացվեց գյուղ գնալ, մինչև հիմա այստեղ եմ, տեսնենք՝ վերջում ինչ է լինելու։

Ես հենց Հադրութի Մեծ Թաղեր գյուղում եմ ծնվել, դրա համար էլ ուր գնում եմ, ուշադրությունս միշտ Թաղերի վրա է։ Ես քաղաքը շատ չեմ սիրում, այստեղ մի կերպ զբաղվում եմ, մինչև տեսնենք՝ ինչ կլինի։ Դեռ հույսով ենք, տեսնենք, ոնց ասած՝ մեր հույսները զուր տեղը չանցնի՝ վերադառնանք մեր գյուղեր, շենացնենք, կամաց-կամաց ապրենք»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա պատմեց, որ 90-ականներին տրակտորիստ է եղել։

«Այն ժամանակ ավտոները չեն աշխատել սնարյադ, բան, ամենը տրակտորով եմ տեղափոխել։ Սնարյադը գիշերը տանում էի դիրքեր, մնում էի, հաջորդ օրը՝ նորից, այդպես մինչև պատերազմի ավարտը՝ 1994 թվականը։ Աշխատող մարդը պարապ նստել չի կարող, ուզում եմ մի բան աշխատած լինեմ, մի բան ստեղծած լինեմ, մեր լեզվով ասած՝ առաջ գցած լինեմ։

Անհնարին բան եմ համարում ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելը։ Նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ հայերի նկատմամբ ադրբեջանցիների թշնամական վերաբերմունքը եղել է։ Չէ, ադրբեջանցու հետ խաղաղ ապրել չի լինի, խելքս չի կտրում, որ նման բան լինի, ադրբեջանցիների հետ շատ եմ աշխատել, բայց իրենց թշնամական վերաբերմունքը միշտ է եղել»,- եզրափակեց Արմո Սանամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս