Պուտինն այս շաբաթ կհանդիպի Փաշինյանի հետ, ներկա միջազգային իրադրությունում հատուկ նշանակության իրադարձություն է. ԶԼՄ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթվա ընթացքում կշարունակի տնտեսական խորհրդակցությունների շարքը եւ կքննարկի իրավիճակը մետալուրգիայում, բացի այդ, պաշտոնական այցով Մոսկվա կայցելի Նիկոլ Փաշինյանը, հայտնել են «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի ընթացքում։
«Պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանում Հայաստանի վարչապետը։ Ներկա միջազգային իրադրությունում հատուկ նշանակության իրադարձություն է», – ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշել են ծրագրում:
Ավելի վաղ ապրիլի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը: Փաշինյանն արտահայտել է հայկական կողմի ակնկալիքը, որ ռուս խաղաղապահները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար:
Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև երկու երկրների տնտեսական փոխգործակցության հարցերին ու պայմանավորվել, որ նաև այս հարցերը մանրամասն կքննարկեն ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: