Եվ փրկեա զմեզ ի չարե․․․

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է հինգ տաղավար տոներից գլխավորը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։ Բազմաթիվ խորհուրդների թվում հրաշափառ Հարության տոնն ունի զատման, հեռացման, բաժանման նշանակություն, նաև աղետներից, արհավիրքներից զատվելու, ազատվելու իմաստով։

Հայաստանն ու Արցախն այսօր կանգնած են հենց այդպիսի զատման, ազատման գոյաբանական անհրաժեշտության առաջ։ Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, ովքեր երկու երկրներին ու ժողովուրդներին պատճառած արյունալի արհավիրքներից հետո էլ կանգ չեն առնում ու բացահայտ ազդարարում են իրենց ձեռամբ կերտվող նոր աղետի մասին։ Ահա այդ աղետից զատվելու, ազատագրվելու անհրաժեշտությունն ունեն այսօր Հայաստանն ու Արցախը, որը հնարավոր է միայն աղետի ճարտարապետներից ու հեղինակներից զատվելու ու ձերբազատվելու միջոցով։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, պետությունն ու հասարակությունը շարունակելու են ապրել «մատաղացու գառի» կարգավիճակով, որի զոհաբերման ծեսի՝ օր առաջ իրականացմանը լծվել են այսօրվա իշխանությունները։

Զատիկն ունի զոհաբերության խորհուրդ՝ Քրիստոսը հեղեց իր արյունը՝ հանուն մարդկության փրկության։ Մեր իրականության ողբերգականությունն այն է, որ զոհողության պատրաստ փրկիչների փոխարեն, հիմա զոհասեղանին դրված են Արցախն ու Հայաստանը, որոնց հանուն իրենց իշխանության պահպանման՝ պատրաստ են զոհաբերել նրանք, որոնք գուցե սերտել են Աստվածաշունչը, բայց այդպես էլ չեն հասկացել դրա որևէ իմաստ ու խորհուրդ։

Այսօր Սուրբ Հարության տոնի առթիվ մարդկանց շնորհավորելու են անաստվածները, որովհետև անաստվածություն է այն, ինչ նրանք արել ու շարունակում են անել պետության հետ։ Ինչպես որ անաստվածություն է՝ կայացնել հազարավոր մարդկանց կյանք արժեցող որոշումներ ու հետո հպարտանալ դրանով։

Զատիկը մեզ համար խիստ ընտանեկան տոն է, որը մարդիկ նախկինում նշում էին իրենց օջախներում՝ ամենասիրելիների հետ։

Այսօր, սակայն, այն նշելու են առավելապես գերեզմանատներում, որտեղ ննջում են հազարավորների ամենասիրելիները։ Որովհետև նրանք, ովքեր եկել էին «երկիր դրախտավայր» կառուցելու խոստումներով, Արցախն ու Հայաստանը վերածել են «երկիր գերեզմանատան», որը գուցե նրանց առաքելության ու իրականացրած նախագծի կոդավորված անվանումն է։ Նրանք շարունակում են ընդլայնել այդ նախագիծը՝ անթաքույց ազդարարելով, որ Արցախի մեծ մասը թշնամուն հանձնելուց հետո պատրաստվում են թշնամուն հանձնել նաև այդ գերեզմանները, որտեղ հանգչում են հանուն այդ հանձնվելիքի նահատակված զոհերը։

Հենց այսպիսի սատանիստական մթնոլորտում են այսօր Արցախն ու Հայաստանը տոնելու Սուրբ Հարության տոնը։ Գուցե նաև այն պատճառով, որ տերունական մեր աղոթքներում «փրկեա ի չարե» ասելիս՝ անմտորեն փրկության աղբյուր ենք համարել ամենաչարին։

Քրիստոս հարյավ ի մեռելոց․ օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս