Անձնագրերի լրացուցիչ քանակի քաղաքական հեռահար նպատակները
Մարտի 31-ին 168.am-ը տեղեկացրել էր, որ կառավարությունը հերթական նիստում, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, թույլատրել է ՀՀ Ոստիկանությանն առանց մրցույթի 564 մլն 289 հազար դրամի գնում կատարել:
Ինչպես նշվում է նախագծում՝ ոստիկանությունն այս գումարով ձեռք է բերելու 400 հազար հատ հին նմուշի և 7736 հատ կենսաչափական անձնագրերի բլանկներ:
Ընդ որում, կենսաչափական անձնագրերի բլանկները նախատեսվում է ձեռք բերել «ՀՄԱ» գնման ձևով՝ հրատապությամբ:
Ըստ հիմնավորման՝ 2022թ. մարտի մեկի դրությամբ տպագրված անձնագրերի պահեստում առկա մնացորդը չի բավականացնի մինչև տարեվերջ պահանջարկը: Որպես ակնկալվող արդյունք է նշվում ՀՀ քաղաքացու անձնագրերի տրամադրման անընդհատության ապահովումը։
Եվ թեպետ Ֆինանսների նախարարությունը դեմ էր այդ գումարը ոստիկանությանը տրամադրելուն՝ ՀՀ կառավարության որոշումներով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի՝ ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ, որոշումը, այնուամենայնիվ, ընդունվեց:
Այս առնչությամբ 168.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տեղեկացնել՝
1.Վերջին մի տարվա ընթացքում, ըստ ամիսների, որքա՞ն հին նմուշի և կենսաչափական անձագրեր են տպագրվել անձնագրային և վիզաների վարչության կողմից:
Խնդրում եմ հին նմուշի և կենսաչափական անձնագրերի քանակի մասին տեղեկատվությունը տրամադրել առանձնացված:
2. Միաժամանակ խնդրում եմ տրամադրել անձնագրային և վիզաների վարչությունում առկա չտպագրված հին նմուշի և կենսաչափական անձնագրերի մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն՝ կրկին առանձնացված ձևաչափով:
ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը մեզ էր տրամադրել 2021թ. տպագրված անձնագրերի քանակի մասին տեղեկություններ՝ ըստ անձնագրերի տեսակների ու ամիսների:
Ոստիկանությունից, սակայն, չէին տրամադրել անձնագրերի մնացորդների մասին տեղեկություն:
«ՀՀ քաղաքացու անձնագրերի բլանկների խմբաքանակը ներկա պահին ամփոփված չէ, ուստի ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում առկա ՀՀ կառավարության՝ 25.12.1998թ. թիվ 821 որոշմամբ հաստատված հին նմուշի անձնագրերի, ինչպես նաև կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի բլանկների մնացորդային քանակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ»,- գրված էր ոստիկանության պատասխանի մեջ:
Ի՞նչ նպատակ է թաքցվում անձնագրերի լրացուցիչ քանակ պահանջելու հիմնավորման տակ
Կամ ՀՀ ոստիկանությունը թաքցնում է բուն իրականությունը, տեղի ունեցածի քաղաքական ենթատեքստն ու նպատակները, կամ էլ ՀՀ կառավարությունում աշխատում են ոչ կոմպետենտ անձինք:
Եթե ոստիկանությունը չի ամփոփել մնացորդային տվյալները, ապա ի՞նչ հիմնավորմամբ է կառավարությունից լրացուցիչ փող ուզում՝ անձնագրերի տրամադրման շարունակականությունը չընդհատելու նկատառումներից ելնելով: Կառավարությունը չի՞ հարցրել՝ հարգելի ոստիկանություն, առանց ամփոփման, ինչպե՞ս ես որոշել, որ անձնագրերը մինչև տարեվերջ չեն բավականացնի, հետևաբար՝ դու անիմաստ, չհիմնավորված 564 մլն 289 հազար դրամ ծախս ես անում պետբյուջեից՝ սոցիալ-տնտեսական այս ծանրագույն պայմաններում:
Հարցին մոտենանք թվային տեսանկյունից:
Ըստ ոստիկանության տրամադրած տեղեկանքի՝ 2021թ. տպագրվել է 396063 հին նմուշի անձնագիր:
Կառավարությունից մարտի 31-ին ուզած 564 մլն 289 դրամով ոստիկանությունը ձեռք է բերելու 400 000 հին նմուշի անձնագիր, որպեսզի մինչև տարեվերջ բավականացնի: Սա նշանակում է, որ այս պահի դրությամբ, երբ տարվա սկզբից անցել է 3 ամիս, ոստիկանությունում մնացորդային անձնագրերի թիվը 0 է, չկա անձնագիր, ինչը, իհարկե, երևակայության ժանրից է:
Հետևաբար՝ ինչո՞ւ է պետք թվով 400 000 հին նմուշի անձնագիր ՀՀ ոստիկանությանը, ինչո՞ւ կառավարությունը հլու-հնազանդ տվեց այդ գումարը, ինչո՞ւ էր հարցը գաղտնի զեկուցվում:
Ակնհայտ է, որ 400 000 անձնագիրը չի ծառայելու այն նպատակին, ինչը նշված է ոստիկանության հիմնավորման մեջ: Ուրեմն ինչո՞ւ են անհրաժեշտ լրացուցիչ մի քանի հարյուր հազար անձնագրերը:
Միգուցե էս գլխի՞ց են պատրաստվում հնարավոր արտահերթ ընտրություններին, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող կուսակցությունը մի տեսակ շատ է շտապում: