Սպասենք ԱԺ-ում անցանկալի լրագրողների վրա «կեղտ գտնելու»՝ ՔՊ-ականների շքերթին

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու մեկ այլ պատգամավոր՝ Լիլիթ Մինասյանը, այսօր դիմել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ներկայացնելով օրենսդրական նախաձեռնություն: Ցանկանում են լրացում կատարել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում:

Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ նախ նշվում է, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմիններն իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման և դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով:

«Ստացվում է, որ մի կողմից՝ պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որևէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում: Օրենքի բացը լրացնելու և առաջին հերթին լրատվական գործունեություն իրականացնողի և պետական մարմինների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որպեսզի նաև պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին, կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»,- ասված է հիմնավորման մեջ:

Քիչ էր, որ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանում արգելվեց լրագրողների ազատ տեղաշարժը, հիմա էլ փաստացի լրագրողներին կամայականորեն հավատարմագրումից զրկելու տարբերակ են մտածել:

Բնական է, որ կառավարությունը դեմ չի լինի այս փոփոխությանը, և այն կյանքի կոչելը կդառնա ընդամենը տեխնիկական՝ կոճակ սեղմելու խնդիր:

Եվրոպական իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններից շատերը, իհարկե, չեն նկատի հերթական աղաղակող սահմանափակումն ու  լրագրողների իրավունքների խախտումը, իսկ ԱԺ-ում աշխատող որևէ անցանկալի լրագրողի վրա ՔՊ-ականների կողմից «կեղտ գտնելը» բարդ բան չէ:

Տեսանյութեր

Լրահոս