Պատճառը դեֆիցիտը չէ, որ մարդիկ խուճապահար գնումներ են անում. ինչո՞ւ է լռում կառավարությունը

Վերջին օրերին մարդիկ խուճապահար դատարկում են խանութների ցուցափեղկերը՝ ձեթ, այլուր, շաքարավազ և այլ ապրանքներ են գնում։ Իշխանություններն էլ փորձում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում այդ ապրանքների դեֆիցիտ չկա ու պետք չէ դատարկել խանութները։

Բայց չեն ասում, որ խնդիրը դեֆիցիտի մեջ չէ. այսօր չգնված յուրաքանչյուր ապրանքի համար վաղը մարդիկ ստիպված են լինելու շատ ավելի մեծ գին վճարել։ Ու որպեսզի կարողանան մի կերպ յոլա գնալ այն եկամուտներով, որոնք, ի տարբերություններ գների, չեն ավելանում, փորձում են ինչ-որ չափով ապահովագրել իրենց սպասվող թանկացումների ազդեցությունից։

Կտրուկ բարձրացել ու բարձրանում են բազմաթիվ ապրանքների գները, գրեթե բոլոր ոլորտներում ավելացել է գնաճային ճնշումը։ Նախորդ տարվա թանկացումներից հետո կյանքը շարունակում է մեծ տեմպերով թանկանալ։ Խորանում է սոցիալական լարվածությունը։ Մարդիկ ամեն օր բախվում են գների նոր ռեկորդների հետ։

Թվում է, թե այս պայմաններում կառավարությունը պիտի ինչ-որ քայլեր ձեռնարկեր հասարակության առաջ կանգնած սոցիալական խնդիրները մեղմելու համար։ Բայց, ինչպես տեսնում ենք, ոչինչ էլ չի անում, չի էլ պատրաստվում անել։

Ասում են՝ գոնե նվազագույն աշխատավարձ ու թոշակ ավելացրեք, որպեսզի մարդիկ կարողանան որոշ չափով մեղմել գների բարձրացման ազդեցությունը, բայց իշխանությունները կտրականապես դեմ են։ Պատճառաբանում են, թե ունեն իրենց ծրագիրը, և այդ ծրագրով այս տարի աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չի նախատեսվում։ Այսօր մարդիկ չեն կարողանում գոյություն պահպանել, խոսում են ապագայում նախատեսվող սոցիալական ծրագրերի մասին։ Ո՞ւմ են պետք հետագայում այդ ծրագրերը, եթե դրանց կարիքը հիմա է զգացվում։

Սոցիալական իրավիճակը Հայաստանում գնալով լարվում է։ Մարդկանց եկամուտները պարզապես չեն հասցնում գների բարձրացումների հետևից։

Անցած տարի գնաճի ու եկամուտների աճի տարբերությունն ի վնաս եկամուտների էր։ Այս տարվա սկզբին էլ նույնն է տեղի ունենում։ Հունվարին կրկին գնաճն ավելի բարձր էր, քան մարդկանց եկամուտների աճը։

Գնաճն այդ ամսին կազմեց 7,1 տոկոս, աշխատավարձերի աճը՝ 6,1 տոկոս։

Ու դեռ չհաշված առաջին անհրաժեշտության ապրանքների շատ ավելի ակտիվ թանկացումները։

Սննդամթերքի գնաճը հունվարին գերազանցեց 12 տոկոսը։ Գրեթե կրկնակի բարձր, քան աշխատավարձերի աճն էր։

Նույնը նաև փետրվարին էր, երբ համաշխարհային տնտեսությունը դեռևս նոր էր բախվում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ծագած գլոբալ հակամարտությանը։

Այդ հակամարտությունից հետո գնաճային դրսևորումներն ավելի են ակտիվացել։

Թանկանում են ոչ միայն՝ ներմուծվող, այլև՝ տեղական արտադրության ապրանքները։

Գնաճի հերթական ալիքը դեռ նոր է գալու։ Մի կողմից՝ միջազգային շուկաներում են բարձրանում գները, մյուս կողմից՝ մեծանում է ներքին ճնշումը՝ ազգային արժույթի արժեզրկման հետևանքով։

Վերջին մի քանի օրերի ընթացքում դրամը հիմնական 2 արժույթների՝ դոլարի և եվրոյի նկատմամբ, հասցրել է արժեզրկվել գրեթե 10 տոկոսով։

Դրանով հանդերձ, արժեզրկումը դեռևս կանգ չի առել։ Ճնշումն ազգային արժույթի թուլացման ուղղությամբ շարունակում է պահպանվել, ու դեռ հայտնի չէ, թե մինչև ուր կարող է հասնել։ Դրամի թուլացման ցանկացած փորձ ի վնաս գնաճի է։

Դեռ լավ է, որ թուլացել է ռուսական ռուբլին։ Դա դրական գործոն է գոնե Ռուսաստանից իրականացվող ներմուծումների էժանացման համար։ Այլ բան, իհարկե, այդպես կլինի, թե ինչպես միշտ, կօգտվեն համընդհանուր իրավիճակից ու կթանկացնեն նաև ռուսական շուկայից ներմուծվող ապրանքները։

Կենտրոնական բանկի հույսերը, որ այս տարվա ընթացքում գների խաթարված կայունությունն աստիճանաբար կվերականգնվի, և գնաճը կվերադառնա իր նախանշված միջակայք, կրկին մղվել է հետին պլան։ Նույնիսկ անցած տարվա բարձր գնաճի ֆոնին՝ դա անհավանական է թվում։ Հիմա ԿԲ-ում մտածում են, թե ինչ անեն, որպեսզի կարողանան մեղմել գնաճի հերթական ճնշումը։ Դրա համար առաջիկայում պատրաստվում են կրկին մեկ քայլ կատարել վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու ուղղությամբ։

Այնտեղ ենք հասել, որ հույսը սկսել են դնել մարդկանց գնողունակության անկման վրա. սոցիալական վիճակի վատացումը կհանգեցնի պահանջարկի կրճատման ու որոշակի զսպող դեր կունենա գնաճի համար։

Վճարունակ պահանջարկի բարձրացումը կառավարության խնդիրն է։ Բայց կառավարությունը չի ուզում տեղից շարժվել։ Մի բան էլ ինքն է ավելացնում սոցիալական ճնշումը՝ ոչ միայն ապրանքների, այլև՝ հանրային ծառայությունների թանկացման միջոցով։

Կարող էին որոշակի մեղմացնող քայլեր անել առկա բարդ իրավիճակում գոնե ժամանակավորապես մի շարք ապրանքային շուկաներում գնաճի սկսված ու առաջիկայում ակտիվացող ալիքը թուլացնելու համար, բայց կրկին ոչինչ չեն անում։ Ոչ պատրաստ են մարդկանց եկամուտներն ավելացնել, ոչ ծախսերի վրա ճնշումը թուլացնել։

Գնաճի բացասական սպասումների ֆոնին, առաջիկայում սոցիալական լարվածությունը Հայաստանում խորանալու է մեկ այլ շատ կարևոր գործոնի հետևանքով։ Տարբեր գնահատումներով՝ տարեկան Հայաստանից միայն Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնում շուրջ 300 հազար մարդ։ Նրանց հետևում, բնականաբար, կանգնած են նաև իրենց ընտանիքների անդամները։ Մոտավոր հաշվարկով, խոսքը 800 հազարից մինչև 1 մլն մարդու մասին է։ Այս տարի այդ մարդիկ կանգնած են իրենց եկամուտներից ընդհանրապես զրկվելու խնդրի առաջ։

Դուրս գնալու հեռանկարներն անորոշ են, ներսում էլ այդքան աշխատատեղ չկա։ Եղած աշխատատեղերից ստացվող եկամուտներն էլ ցածր են։

Ելք գտնելու փոխարեն՝ կառավարությունը կրկին հորդորում է մարդկանց գյուղատնտեսությամբ զբաղվել։

Համավարակի առաջին փուլում, երբ շատերը չկարողացան մեկնել արտագնա աշխատանքի, վարկեր տրամադրեցին, որպեսզի հող մշակեն։ Թվում էր, թե դա պիտի դրական ազդեցություն ունենար գյուղատնտեսության արտադրության ծավալների ավելացման վրա։ Սակայն տարվա վերջին տեսանք, որ արտադրության ծավալներն էլի նվազել են։

Չնայած կառավարության հորդորներին՝ մարդիկ հույսը չէին դրել գյուղատնտեսության վրա։ Ու արդեն հաջորդ տարի կրկին արտագնա աշխատանքի մեկնողների մեծ հոսք եղավ։

Դեռ լավ էր, որ համավարակի ժամանակ ռուսական շուկայից օգնության տեսքով մարդիկ որոշակի ֆինանսական միջոցներ էին ստանում։ Այս տարի դա էլ չի լինելու։ Ռուսաստանի տնտեսական ու սոցիալական իրավիճակն այնպիսին չէ, որ այնտեղ գտնվողները մի բան էլ կարողանան օգնել իրենց հարազատներին։

Օղակը սոցիալական ոլորտում բոլոր կողմերից սեղմվում է։ Մեծ սպասելիքներ չկան, որ տնտեսական հատվածի զարգացումները գոնե նպաստավոր կլինեն մարդկանց եկամուտների ավելացման համար։ Համաշխարհային ամբողջ տնտեսությունը բախվել է պատժամիջոցներից թելադրված ազդեցությունների հետ, որոնք զսպում են տնտեսական աճի հավակնությունները։

Ակնկալիքները, որ Ռուսաստանից ու Ուկրաինայից մարդկանց, ինչպես նաև բիզնեսի հոսքերը որոշակի լիցքեր կարող են հաղորդել Հայաստանի տնտեսությանը, նպաստել տնտեսական աճի պոտենցիալի բարձրացմանը, խիստ հավակնոտ են։ Անորոշություններն այնքան մեծ են, որ շատ վաղ է դրանց վրա հույսեր դնելը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս