«Պետության բացակայության պայմաններում, բոլորս ենք ստիպված դառնալ պետություն». Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այդ վարչապետը դու ես։

Բոլորս տեսնում ենք, թե եվրոպական երկրներում ինչպես են ժողովրդին համախմբել Ուկրաինայի շուրջ։ Ցույցեր են անում, օգնության կետեր են բացել, դրոշներ են կախում, ռուսական մշակույթն են գրաքննում։

Սակայն այս համերաշխությունը Ուկրաինային չի ուղղված։ Դա ներսի համախմբվածության համար է։ Արևմտյան մարդու միտքն ու սիրտը ուղղում են իրենց իսկ երկրի շահերին։ Բացառելով պառակտումը՝ բոլորին մղում են ընդհանուր նպատակի։ Ցանկացած Ուկրաինայի դրոշ բարձրացնող վարչապետի դերում է։

Նույնը հիմա պիտի լինի Արցախի հանդեպ Հայաստանում ու սփյուռքում։ Բայց բոլորս հասկանում ենք, որ իշխանությունը հակաարցախյան դավաճան է, այսինքն, Հայաստան պետությունը չկա։

Այս պարագայում յուրաքանչյուրը պետք է ստանձնի «վարչապետի»դերը։ Կազմակերպի գործողություններ ու մասնակցի դրանց, որոնք պիտի ուղղված լինեն Արցախի հոգսի թեթևացմանը ու համերաշխությանը։

Յուրաքանչյուրը պիտի ինքնավստահ լինի, որ իր գործողությունը կարևոր է՝ առանց հիասթափությունների ու ուրիշների արած-չարածները մատնացույց անելու, առանց նպատակից շեղվելու։

Գտնենք համախոհներ, հիշենք պատերազմի ժամանակ, ինչպես էինք համախմբվում ու ինչպես կարելի է կրկնել դա։

– Բակերում, ավտոտնակներում, վիրտուալ աշխարհում հիմնենք Արցախի համերաշխության ու օժանդակության կենտրոններ։

– Անցնող-դարձողները պետք է տեսնեն, որ մարդիկ խմբերով հանուն Արցախի են գործողություն կատարում։ Պիտի Արցախին օգնելը դոգմա լինի, Արցախին թթու խոսք ասելը՝ տաբու։

– Գտնենք մարդկանց, որոնք կարող են ապրանք տեղափոխել Արցախ։
– Խոսենք Արցախում մեր ծանոթների հետ։ Եթե պատշաճ խոսակցություններ կան, հանրայնացնենք դրանք։
– Հանրայնացնենք մեր գործը։

– Խմբերով Արցախին համերաշխություն հայտնելու երթեր անենք, թեկուզ երկու երեք ընկերով, հետո խմբերով կլինի կպնել իրար։
– Փողոցներում Արցախին նվիրված երգեր երգենք։
– Անցորդներին, հանրային տրանսպորտում ծաղիկներ նվիրենք Արցախի դրոշով։ Ռուսներին էլ։

– Համախմբվենք բոլոր նրանց հետ, ովքեր կմտնեն Արցախի համերաշխության ալիքի տակ, առանց որևէ խտրականության։
– Արցախի համերաշխության բանձևի հիման վրա նորանոր գործողություններ մտածենք։

Ժողովրդի միտքն ու սիրտն ուղղորդելը պետության գործն է, պետության բացակայության պայմաններում, բոլորս ենք ստիպված դառնալ պետություն։ Առանց վարանելու հենց այս պահից էլ խոսենք մեր կողքի ընկերոջ հետ և գործողության պլան մշակենք՝ բացառելով «դե մեկ ա չի ստացվելու» ծուլությունը արդարացնելու տարբերակը։

Հեղափոխությունները տեղի են ունենում համերաշխության բանաձևի հիման վրա, մենք էլ պիտի զրոյից կերտվող մեր պետությունը համերաշխության բանաձևով սարքենք»։

Տեսանյութեր

Լրահոս