«Սա ազդակ է Հայաստանին ու Արցախին, որ առաջիկայում կարող են լինել տարբեր բնույթի սրացումներ». Տիգրան Աբրահամյան

«Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների գործառույթներում կամ իրականացվող միջոցառումներում համեմատական փոփոխություններ են տեղի ունեցել, ինչից Ադրբեջանն օբյեկտիվ առումով կարող էր դժգոհ լինել։ Տեսնում եմ, որ ադրբեջանական քարոզչամեքենան և այն լրատվամիջոցները, որոնք գործում են ադրբեջանական պաշտոնական մարմինների ներքո, արշավ են սկսել նաև ռուսական առաքելության հրամանատարի նկատմամբ, ինչը, չեմ կարծում, թե պայմանավորված է ռուսական առաքելության աշխատանքի կամ ծառայության ոչ արդյունավետությամբ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին։

Նրա խոսքով՝ թշնամու պահվածքը տեղավորվում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի տրամաբանության մեջ և դրա ուղղակի կամ անուղղակի ազդեցությամբ, որը հատկապես սուր արձագանք է ունենում Արցախում։

«Այս իրավիճակում պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական և թուրքական մամուլը, որը ներդաշնակեցված է գործում, ամբողջապես աշխատում է հակառուսաստանյան քարոզչության տրամաբանության ներքո։ Այն քայլերը, որոնք այսօր տեղի են ունենում, նպատակ ունեն հեղինակազրկելու ռուսական դերակատարությունն Արցախում և առհասարակ Հարավային Կովկասում։ Սա նշանակում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը որքան խորանա, այնքան այդ հարձակումները Ռուսաստանի նկատմամբ տարբեր մակարդակներով նկատելի են լինելու»,- հավելեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է օրերս ՀՀ արտգործնախարարության տարածած հայտարարությանը, որ կառավարության առաջնահերթություններից է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ այդ հայտարարությունն ավելի շատ կապված է Երասխի ուղղությամբ տեղի ունեցող իրադարձության հետ, քանի որ Արցախի հետ կապված՝ Հայաստանի տարբեր մարմիններ փորձում են զերծ մնալ հայտարարություններից։

«Ադրբեջանի գործողությունները լրիվ այլ տրամաբանության ներքո են ընթանում, և սա որոշակի ազդակ է Հայաստանին ու Արցախին առ այն, որ առաջիկայում կարող են լինել նաև տարբեր բնույթի այլ սրացումներ»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս