Սա առողջ սերունդ ունենալու նախագիծ է. ԱՆ-ն՝ հանրային սննդի օբյեկտներում սեղանններին աղաման դնելն արգելելու մասին
Առողջապահության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, համաձայն որի՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի սեղաններին աղաման դնելը: Ավելին, առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի, տնտեսվարողը կտուգանվի 30.000 դրամով:
Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը 168.am-ի հայտնեց, որ սա դեռ նախագիծ է, որոշում չկա՝ պետք է լուրջ փուլեր անցնի: Իսկ առաջարկն արվել է՝ հանրային առողջության տեսանկյունից:
«Սա առողջ սերունդ ունենալու նախագիծ է, մենք ոչ մեկի չենք արգելում, բայց ելնելով իրենց առողջության առաջնահերթությունից՝ խորհուրդ ենք տալիս աղի չափավոր կիրառում։ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պայմաններ ստեղծել բնակչության առողջության պահպանման և ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցման համար` կրճատելով ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման հիմնական ռիսկի գործոններից մեկի` աղի չարաշահման տարածվածությունը:
Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է համապատասխանաբար լրացումներ կատարել` հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման, աղամանի առկայության համար պատասխանատվություն սահմանելով»,- մանրամասնեց ԱՆ մամլո խոսնակը:
Նա ընդգծեց՝ նախագծում նշված է, որ ապացուցողական բժշկության տվյալները վկայում են, որ ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացումը սերտորեն կապված է ապրելակերպի առանձնահատկությունների հետ: Առավել տարածված չորս ՈՎՀ-ը՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները, ինչպես նաև դրանց զարգացման վարքագծային և կենսաբանական ռիսկի գործոնները (ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սննդակարգը, այդ թվում՝ աղի չարաշահումը, ֆիզիկական թերակտիվությունը և այն) հանրային առողջության համար մարտահրավերներ են: ՈՎՀ-ով պայմանավորված բեռը բնակչության մահացության ընդհանուր կառուցվածքում կազմում է շուրջ 93%:
Առավել տարածված 4 ՈՎՀ-ից մահացության բեռը կազմում է շուրջ 80%: Ոչ վարակիչ հիվանդությունները ամբողջ աշխարհում հանդիսանում են վաղաժամ մահվան հիմնական պատճառ: Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը: Ընդ որում, ամեն տարի 17.9 միլիոն մարդ մահանում է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից:
Համաձայն միջազգային տվյալների` բնակչության շրջանում տարեկան մեկ շնչի հաշվով օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, որի արդյունքում օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը: Օրական օգտագործվող աղի չափաբաժնի նվազեցումը 3 գրամով կարող է 13%-ով նվազեցնել սրտամկանի կաթվածների թիվը:
Համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:
2016-2017 թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության (STEPS) տվյալների` չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում կերակրին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1%-ն ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախակի կերակրին աղ են ավելացնում), իսկ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Բնակչության 10-ից 3-ն օգտագործում է մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ: Բնակչության 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում:
2018թ. Հայաստանում միջազգային և տեղային փորձագետների կողմից ՈՎՀ-ից առաջացած տնտեսական բեռի գնահատումը ցույց է տվել աղի վնասակար ազդեցությունը և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացման արդյունավետությունը` բնակչության առողջության պահպանման տեսակետից: Հատկանշական է, որ աղի սպառման քանակի կրճատմանն ուղղված միջոցառումները կնպաստեն 15 տարվա կտրվածքով կանխել ուղեղանոթային հիվանդությունների և սրտի իշեմիկ հիվանդությունների դեպքերի առաջացումը՝ համապատասխանաբար` 12401 և 11112 դեպքերով, իսկ կանխված մահերը` 13690 դեպքով: