Ուկրաինական կողմի հետ բանակցությունները պետք է տեղի ունենան առնվազն օրվա վերջում, դրանից շատ բան է կախված. Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները պետք է տեղի ունենան առնվազն օրվա վերջում, գնդակը Կիևի դաշտում է, և դա չպետք է հետաձգվի: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար, ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին։
«Այժմ գնդակը Զելենսկու դաշտում է, ով պետք է, ինչպես նախօրեին պայմանավորվել էր, իր ուկրաինական պատվիրակությանը բանակցությունների համար ուղարկել Բելառուս: Մենք պատրաստ ենք բանակցությունների»,- ասել է Սլուցկին։
Նրա խոսքով՝ դա կողմերին հնարավորություն կտա ընդհանուր դիրքորոշման գալ։ «Ոչ միայն օրեր, այլ ժամեր ձգելը հանցավոր քայլ է, անընդունելի, հատկապես, եթե նրանք, ովքեր այժմ իշխանության ղեկին են Կիևում, գոնե ինչ-որ կերպ մտահոգված են իրենց ժողովրդի, Ուկրաինայի ճակատագրով»,- հավելել է նա:
Սլուցկին նշել է՝ Զելենսկու այսօրվա դեմարշը անհասկանալի է: «Մենք ակնկալում ենք, որ ուկրաինական պատվիրակությունը պետք է այսօր ուղարկվի այստեղ, և բանակցությունները պետք է տեղի ունենան այսօր՝ առնվազն օրվա վերջում, դրանից շատ բան է կախված»,- նշել է նա և հավելել, որ Ռուսաստանն ունի «հստակ բանակցային դիրքորոշում»։
Պատվիրակության անդամը նշել է, որ ռուսական պատվիրակությունը որոշակի տարակուսանք ունի Զելենսկու խոսքերի վերաբերյալ։ Նրա խոսքով, եթե Ուկրաինան հրաժարվի բանակցություններից, «դա նշանակում է, որ այսօրվա Կիևի իշխանությունների արևմտյան հրահանգիչները լիովին ապակառուցողական հրահանգներ են տալիս»։
Սլուցկին հավելել է, որ բանակցությունների խափանման դեպքում որոշումը կկայացվի ամենաբարձր մակարդակով։