Բաժիններ՝

Ընկերությունները կսկսեն մրցակցել. ո՞ւր է տանում ԱՊՊԱ-ի թանկացումը

ԱՊՊԱ-ի գների թանկացումն անխուսափելի էր՝ վթարների քանակի, վնասաբերության աճի հետ կապված, կարծում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը:

Նրա խոսքով՝ որպեսզի համակարգը  կայուն աշխատեր, սակագները պետք է փոխվեին:

«Այն վարորդները, ովքեր նախկինում վթարներ են ունեցել, իրենց դեպքում գների բարձրացում է եղել: Դասերի հաշվարկներն ու փոփոխություններն այնպես է կատարվել, որ շատ մեծ շեղումներ չլինեն: Տարբեր խմբերի համար մոտավորապես 1500-15.000 դրամի թանկացում է եղել: Բոնուս-Մալուս համակարգի փոփոխություն էլ է կատարվել՝ բարելավման որոշակի նորմերով: Բարելավում է եղել տաքսի ծառայություններ, ուղևորափոխադրում  իրականացնողների դեպքում:  Մինչև 10-րդ դաս գտնվող վարորդներինը 3000 դրամով չի թանկանում, դրանից բարձր գտնվողների դեպքում նոր թանկանում է:

ԱՊՊԱ համակարգը գնում է նրան, որ պետք է լրիվ ազատականացում լինի, այսինքն, ամեն ընկերություն պետք է ինքը որոշի սակագները: Այդ գործընթացն է ընթանում, իսկ սա անցումային տարի է: Տարեցտարի այն վարորդները, ովքեր որ վթար չեն ունենա, իրենց համար  ավելի մատչելի է լինելու, և նորմերն ավելի են բարելավվելու: Ընկերությունները կսկսեն մրցակցել: Այդ մասով Կենտրոնական բանկի և ԱՊՊԱ բյուրոյի վերահսկողությունը չի թուլանալու, որպեսզի անհամաչափ գներ չսահմանվեն: Ամեն տարի ամեն ընկերություն պետք է սահմանի, թե ինչ ձևաչափով և ինչ սանդղակով է հաշվարկվելու: Ռիսկայնության չափանիշները պետք է ներկայացվեն, ուսումնասիրվեն, հաստատվեն, ապա նոր լինի ազատականացումը»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Տիգրան Քեյանը:

Նա անդրադարձավ նաև վարորդների դժգոհութուններին՝ կապված փոխհատուցումների հետ:

«Այո, դեպքեր եղել են, որ վատ են գնահատել, որոշումներն անհամաչափ են եղել, հենց դրա համար կա ԱՊՊԱ բյուրո, որտեղ զբաղվել են քաղաքացիների բողոքներով. որոշ մասինը ճշգրտվել է, որոշինը՝ ոչ: Դրա համար այս փոփոխության արդյունքում ավելի հետևողական են լինելու, որպեսզի նման դեպքերը գնալով նվազեն»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ից ԱՊՊԱ-ն թանկացավ 3000 դրամով: Այս մասին հունվարի 27-ին հաղորդագրություն էր տարածել Հայաստանի ավտոապահովագրական բյուրոն: Բոնուս-Մալուս համակարգի փոփոխություններն էլ կլինեն մարտի 1-ից: Այս որոշումն առաջացրել է վարորդների դժգոհությունը, քանի որ, ըստ նրանց, թանկացումն անհիմն է:

Հայտնենք, որ մոտ 382.000 վարորդի համար, որոնք գտնվում են 1-9 ԲՄ դասում, բեռը բարձրացել է 1500-ից մինչև 2900 դրամով: 10 ԲՄ դասում 3000 դրամով թանկացում կլինի մոտ 87.000 վարորդի համար: 1-14 ԲՄ դասում՝ 6000-ից մինչև 9000 դրամով կթանկանա մոտ 62.000 վարորդի համար: 15-22 ԲՄ դասում` մոտ 27.000 վարորդի համար, կախված բարձր ռիսկայնությունից, որը հաշվարկվել է նախկին վթարների հաճախականությունից, կթանկանա մի փոքր ավելի շատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս