Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ես երևի ավելի մեծ փորձ ունեմ, քան տիկին դեսպանը դիվանագիտության բնագավառում. Ալվինա Գյուլումյան
«Արդարադատության ոլորտի բարեփոխումներում տեղի է ունեցել բավականին մեծ առաջընթաց»,- սա Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի տեսակետն է, որը բարձրաձայնել է հերթական հարցազրույցներից մեկում:
Նույն հարցազրույցում տիկին դեսպանն անդրադարձել էր նաև «վեթինգ»-ի իրականացմանը՝ արձանագրելով. «…այդ վեթինգը, որը սկզբից արվեց Սահմանադրական դատարանում, պրոցես է, որը ժամանակ է պահանջում, բայց արվում է»:
Թե ի՞նչ վեթինգի մասին է խոսում Անդրեա Վիկտորինը՝ անհասկանալի է:
Հիշեցնենք, որ Հայաստանում չկա վեթինգի մասին օրենք: Իսկ եթե տիկին դեսպանն ակնարկում է 2020 թվականի հունիսին «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծով Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունների դադարեցման դրվագը, ապա պետք է նկատենք՝ այս փոփոխությունները դեռևս վիճարկվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Ի դեպ, 168.am-ը թեմայի մասին պարզաբանում լսել էր նաև իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանից, որը վստահեցրել էր՝ ոչ ոք իրավունք չունի նշելու, թե ինչ-որ վեթինգ է իրականացվել, երբ օրենք չկա:
Երեկ այս հայտարարությունների վերաբերյալ փորձեցինք ծանոթանալ նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գնահատականներին. նա իր ասուլիսում թեև արձանագրել էր դատաիրավական ոլորտի մի շարք խնդիրներ, սակայն ուղիղ չպատասխանեց մեր հարցադրումներին՝ հորդորելով պատասխաններ ստանալ ԵՄ հայաստանյան ներկայացուցչությունից:
Մինչ առիթ կընձեռվի մեզ հուզող հարցերը ներկայացնել անձամբ տիկին դեսպանին, մենք նրա ձևակերպումների մասին հարցադրումներ ուղղեցինք իր կողմից մատնանշված Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանին:
Ալվինա Գյուլումյանից մասնավորապես հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ԵՄ դեսպանի հայտարարություններում տեսնում է դիտավորություն, քանի որ նշվում է «վեթինգ»-ի մասին՝ առանց վեթինգի մասին օրենքի, ակնարկվում են իշխանական պատգամավորների նախաձեռնած «ՍԴ բարեփոխումները», որոնք դեռևս վիճարկվում են ՄԻԵԴ-ում:
Նա ի պատասխան՝ նշեց. «Իմ կարծիքով, դա ավելի շուտ խոսում է տիկին դեսպանի լավ տեղեկացված չլինելու կամ չպատկերացնելու մասին, թե ինչ է վեթինգը, և թե ինչ է կատարվել Սահմանադրական դատարանում:
Իրականում, դիտորդի համար այն, ինչ կատարվել էր ՍԴ-ում՝ վեթինգ չէր, համենայն դեպս, այն երեք դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են, նրանց վերաբերյալ ոչ մեկը ոչինչ չէր կարող ասել՝ թե՛ պարոն Նազարյանի, թե՛ պարոն Թոխյանի, և թե՛ իմ պարագայում:
Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ես երևի ավելի մեծ փորձ ունեմ, քան տիկին դեսպանը դիվանագիտության բնագավառում, և այդ պարագայում խոսել, թե ՍԴ-ում վեթինգ է եղել… Արդարամիտ լինելու դեպքում պետք էր ուղղակի ասել, որ ՍԴ-ում իշխող ուժը ցանկացավ ունենալ իր մեծամասնությունը, և գտավ մի ելք, որպեսզի ունենա պահանջվող մեծամասնությունը՝ իր համար ցանկալի հարցերին լուծում տալու համար»:
Մեր զրուցակիցը թեև շեշտեց, որ յուրաքանչյուրն իրավունք ունի սեփական տեսակետը հանրայնացնել, այդուհանդերձ նկատեց՝ հետաքրքիր կլիներ տիկին դեսպանին հարցնել, օրինակ, թե «ինչո՞ւ ԵՄ դատարանը ճիշտ չի համարել նույնատիպ մոտեցումը Լեհաստանի տրիբունալի պարագայում. չէ՞ որ կա Եվրամիության դատարանի վճիռ, և այդ դատավորների համար նույնիսկ եվրոպական երկրներում ոտքի կանգնեցին, կամ Եվրոպական դատարանը վճիռներ ունի Ուկրաինայի, Հունգարիայի հետ կապված»:
ՍԴ նախկին դատավորի կարծիքով՝ խնդիրը դեսպանի կողմից բավարար չափով ուսումնասիրված չի եղել, և նա ուղղակի հընթացս կարծիք է հնչեցրել:
«Ըստ էության, լինելով Եվրամիության պաշտոնյա՝ ինքը պետք է որոշակի զսպվածություն ցուցաբերեր և կարծիք չհայտներ մի հարցի վերաբերյալ, որը դեռևս գտնվում է դատական քնության փուլում»,- հավելեց Ալվինա Գյուլումյանը: