Պահանջում է պատասխանատվության կանչել Տիգրան Մուկուչյանին

Գլխավոր դատախազությունը ստացել է Հանրապետության Նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ առաջին բողոքը:

Դիմումատուն ընտրություններին որպես թեկնածու ինքնաառաջադրված, սակայն 8 մլն դրամի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը չներկայացնելու պատճառով ՀՀ Նախագահի թեկնածու չգրանցված «Քաշաթաղ» ՀԿ-ի նախագահ Ռոբերտ Սիմոնյանն է: Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, նա պահանջել է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով պատասխանատվության կանչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Ռ.Սիմոնյանը 5 էջից բաղկացած իր բողոքում վերլուծում է ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածներ, ընտրական գրավի հետ կապված Ընտրական օրենսգրքի հոդվածները: Դիմումատուն եզրակացրել է. «Փաստացի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` իր ղեկավարի` Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ, և իր աշխատակիցների մասնակցությամբ, հանցակցությամբ վերացնելով Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածների առաջին մասի, ինչպես նաև 50-րդ հոդվածի նորմերը և ժողովրդավարության սկզբունքները, պահանջները, խարդախությամբ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խախտելով Քրեական օրենսգրքի թվով 9 հոդվածներ, մարդկանցից գումարներ են շորթում անձնական նպատակների համար, քայքայելով պետությունը, պետական համակարգերը: Փաստացի Ընտրական օրենսգրքի 71-րդ հոդվածով նախատեսված այդ 8 մլն դրամի պահանջը վերացնում է Սահմանադրության վերոհիշյալ հոդվածները, որով խախտվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ, 300.1-րդ, 143-րդ, 149-րդ, 226-րդ, 228-րդ, 304-րդ, 308-րդ, 309-րդ հոդվածները, ուստի պահանջում եմ միջնորդել համապատասխան մարմիններին, իրավասու համակարգերին, նրանց ղեկավարներին` անվավեր, հակաօրինական, հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի ՀՀ նախագահական ընտրություններում 8 մլն գրավի պահանջը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանին, օրենք ընդունող, կիրառող, իրականացնող մասնակիցներին, հանցակիցներին, օժանդակողներին, ղեկավարներին պատասխանատվության կանչել Քրեական օրենսգրքի 18 հոդվածներով»:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս