44-օրյա պատերազմի ժամանակ ոչ թե դուխով տղաների, այլ գիտելիքի պակաս կար. Արմեն Օրուջյան

«Կարևոր է, որ հեքիաթների մեջ չապրենք ու նայենք իրականությանը, որովհետև հակառակ դեպքում չենք կարող ճիշտ հարց առաջ քաշել, որպեսզի ճիշտ պատասխան ստանանք»,- «Հայաստանի գիտության և նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի՝ FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը՝ ընդգծելով, որ իրականությունը տեսնելով՝ պետք է հասկանանք, թե որտեղ պետք է ներդրում անել:

«Մենք մի քանի Հայաստան ունենք. մեկը, որ մեր գլխի մեջ է, ու այն ծովից ծով Հայաստանն է, իսկ մյուս դեպքում ունենք Հայաստան, որն իրականությունն է: Տարբերությունը շատ կարևոր է, որովհետև դա երևում է շքամուտքերից: Մարդկանց Հայաստանը վերջանում է 1քմ-ի մեջ՝ իրենց տան դիմաց: Դրանից հետո իրենք ծխախոտն էլ կնետեն, կթքեն էլ. իրենց ոչինչ չի հետաքրքրում, քանի որ իրենց Հայաստանը վերջացավ այդտեղ: Դրա համար առաջնայինը կրթությունն է: Տեսանք, թե ինչ էր կատարվում 44-օրյա պատերազմի ժամանակ. ոչ թե դուխով տղաների, այլ գիտելիքի պակաս կար»,- նշեց նա:

168.am-ի հարցին՝ կրթամակարդակի բարձրացման համար գուցե լավ մասնագետների հրավիրելու անհրաժեշտությո՞ւն կա, որից հետո հնարավոր կլինի խոսել նոր գաղափարների մասին, Արմեն Օրուջյանը պատասխանեց.

«Երբ 1980-ական թվականներին ես աշակերտ էի, ուսուցիչը դասարանում ամենաշատ գիտելիքն ուներ, մեզանից շատ լավ մաթեմատիկա, պատմություն գիտեր, իսկ այսօր աշակերտը 15 վայրկյանում Iphone-ից այնքա՜ն ինֆորմացիա կքաղի: Մինչ նա խոսի՝ գուցե ասածի հետ կապված նոր բան լինի: Ուսուցչի դերը բավականին ձևափոխվել է, իսկ դա մենք չենք ընդունում: Ինչ վերաբերում է փորձագետներ բերելուն, ապա այն միշտ անցյալով է:

Փորձագետը փորձագետ է, որովհետև անցյալը գիտի:

Օրինակ, եթե փորձենք ֆինլանդական համակարգը վերցնել, շատ լավն է, մի 20 տարի պետք է չարչարվենք, որ հասնենք այդ ֆինլանդական համակարգին: Բայց ֆինլանդական համակարգն այդ ժամանակահատվածում, չգիտես՝ ուր է հասնելու, որովհետև ինքն էլ է ձևափոխվում: Այո՛, փորձագետները պետք է ներգրավված լինեն, բայց հույսներս չպետք է դնենք փորձագետի վրա: Փորձագետը մեզ միշտ հետ է գցելու»:

Հարցին, թե ինչպե՞ս պետք է լուծել գիտություն-բիզնես կապը, որը Հայաստանում ևս խնդիր է, Արմեն Օրուջյանը պատասխանեց՝ դա խնդիր է ամբողջ աշխարհում:

«Դա ամեն տեղ է, գիտնականն ու բիզնեսն այդ խնդիրն ունեն: Խնդիրը միշտ լինելու է, որովհետև բիզնեսն ուզում է շահ հետապնդել, իսկ գիտնականը՝ գիտությունը»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս