Հայրենադարձության հրաշքին սպասելիս, կամ՝ ամսական 605․671 դրամ՝ Հայրենադարձության ինտեգրման կենտրոնի համար

«Թավշյա» հեղափոխությանը հաջորդեց «պողպատյա հեղափոխությունը», բայց Հայաստանի հպարտ քաղաքացիներն այդպես էլ չտեսան նոր իշխանությունների խոստացած հրաշքները, այդ թվում՝ «հայրենադարձության հրաշքը», որի մասին պատմում ու պատմում էր Հայաստանի վարչապետի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

2021 թվականի տարեվերջին արդեն հայտնի դարձավ, որ այս նպատակով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հիմնում է Հայրենադարձների ինտեգրման կենտրոն:

Այսօր արդեն «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» ոչինչ չասող նախագիծը, որը, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, ընդունեց կառավարությունը, ավետեց Հայրենադարձության ինտեգրման կենտրոնի գործունեության մասին: Եվ պարզ դարձավ, որ այդ կենտրոնի աշխատանքների համար, ասել է թե՝ հայրենադարձության հրաշքի համար ևս ամեն ամիս պետք է վճարի ՀՀ հպարտ քաղաքացին:

«Հայրենադարձության ինտեգրման կենտրոնն իր տեսակով առաջինը կլինի Հայաստանում, կգործի որպես միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների ինտեգրման համար, որով էականորեն կբարելավվի ողջ գործընթացի հասանելիությունն ու արդյունավետությունը:  Հայաստանում նմանօրինակ հագեցած ծառայություններ ու ժամանակակից պայմաններ ու վերազինում ունեցող կենտրոնի անհրաժեշտությունը զգալի է եղել մասնավորապես սիրիական հակամարտությունից ի վեր, լիբանանյան ճգնաժամից հետո:

Ներկայումս ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր կադրային սակավ ռեսուրսներով իրականացնում է հայրենադարձության և հայրենադարձների ինտեգրման հետ կապված աշխատանքը, ինչը բավարար չէ հայրենադարձության և հայրենադարձների ինտեգրման հետ կապված խնդիրների արդյունավետ լուծման համար»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Ի դեպ, նախագծից տեղեկանում ենք նաև, որ կենտրոնի վեհ առաքելությունն իրականացնելու նպատակով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից առաջարկվել է 4 տարածք, սակայն դրանցից և ոչ մեկը չեն համապատասխանել Կենտրոնի արդյունավետ գործունեության պայմաններին, և վարչապետի աշխատակազմը որոշել է գնումն իրականացնել «Հրայր և Աննա Հովնանյան ֆաունդեյշն» կորպորացիայի մասնաճյուղից, որը Երևանի Հանրապետության 37 շենքի նկուղային հարկում գտնվող 309 քմ մակերեսով տարածքը տրամադրելու է անհատույց օգտագործման համար: Իսկ սպասարկման ծախսերի ամսական վճարումների գումարը, բացի վճարվող ծառայությունների գումարից, իր մեջ ներառում է նաև տարածքի անհատույց իրավունքով տրամադրումից առաջացող հարկերը:

Այսպիսով, ամսական սպասարկման վճարը կազմելու է շուրջ 605․671 դրամ, որոնց փոխհատուցումը ՀՀ վարչապետի աշխատակազմի պարտականությունն է:

Ու թեև նշվում է, որ նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի ծախսերի և եկամուտների «էական» ավելացում կամ նվազեցում չի առաջանում, այդուհանդերձ, պարզ է, որ առաջացող՝ թեկուզ ոչ էական ծախսը կրկին բյուջեից է լինելու, այսինքն՝ քաղաքացիներիս հաշվին:

Տեսանյութեր

Լրահոս