«Հայաստանի օրակարգում միութենական պետությանը միանալու հարց չկա». ԱԽ քարտուղար
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վավերացված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրին»՝ ասաց, որ պարբերաբար գնահատում են մեր շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը և դրա հետ կապված քայլեր են կատարում.
«Այդ քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային: Բայց ցանկացած գործընթաց, որը տարածաշրջանում տեղի է ունենում՝ մեր ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտության դեպքում տարբեր ձևերով արձագանքում ենք ստեղծված իրավիճակին»:
Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե «Հայաստանը փախչելու տեղ չունի, և Նիկոլ Փաշինյանը դրանում համոզված է», և որ, ասպես թե այնպես, Հայաստանը ևս մտնելու է միութենական պետության մեջ, Արմեն Գրիգորյանն այսպես արձագանքեց.
«Իր ասածների մասով Հայաստանի Հնարապետությունն արձագանքել է: Արձագանքել են Ազգային ժողովի պատգամավորները, Արտաքին գործերի նախարարությունը, դեսպանը կանչվել է, դրա մասին երեկ Ազգային ժողովում խոսվել է, կարծում եմ՝ համապարփակ պատասխան եղել է, և հուսով եմ՝ նման միջադեպերից բելառուսական կողմը, համենայնդեպս, այլևս կխուսափի, որևէ գնահատական տալու Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևէ ձև չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից, մանավանդ այն հարաբերությունները, որոնք սերտ են հայ ժողովրդի և բելառուս ժողովրդի միջև… Մենք շարունակում ենք դիվանագիտորեն պատասխանել և հուսալ, որ այլևս նման միջադեպեր չեն լինի, եթե հավելյալ միջադեպեր լինեն, մենք կմտածենք, թե ինչպես պատասխանենք»:
Դիտարկմանը, որ իշխանական պատգամավորները շատ ակտիվ քննադատեցին Բելառուսի նախագահի արած հայտարարությանը, սակայն, երբ Ադրբեջանի նախագահն է՛լ ավելի կոպիտ և վիրավորական հայտարարություններ է հնչեցնում Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին, նման բուռն արձագանք չի լինում, Արմեն Գրիգորյանն ասաց.
«Այդ հարցը տալուց պետք է նաև տարբերություն դնել Բելառուսի հետ մեր հարաբերություններին և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին, եթե այդպիսիք ընդհանրապես գոյություն ունեն: Դուք՝ որպես մարդ, երբ ձեզ հետ լավ չի վերաբերվում ձեզ հետ լավ հարաբերություն ունեցող մարդը, դրանի՞ց եք ավելի շատ վիրավորվում, քան այն մարդու հետ, ում հետ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեք…»:
Ճշտող հարցին՝ Հայաստանի օրակարգում կա՞ միութենական պետությանը միանալու հարց, և ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է այդ հարցի վերաբերյալ, ԱԽ քարտուղարը պատասխանեց.
«Հայաստանի օրակարգում նման հարց չկա և, եթե նման հարց չկա, իմ դիրքորոշումն այն է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և պետք է շարունակի մնալ այդպիսին»: