Բաժիններ՝

Կամավոր ատեստավորում անցած ուսուցչի դրույքաչափը կարող է բարձրանալ մինչև 200.000 դրամ

Պետությունը նպատակ ունի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը բաձրացնել մինչև 200 հազար դրամ, հետո նոր դիտարկել հավելավճարի սահմանումը: Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նիստում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

Փոխնախարարը ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված հիմնական փոփոխությունները: Հստակեցվել է ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորումների գործընթացը: Առաջին ընթերցմամբ քննարկմանը նշվել էր, որ կամավոր ատեստավորման գործընթացում ՀՀ կառավարության սահմանած կարգով ցուցաբերած արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և 5 տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար: «Մենք առաջինից երկրորդ ընթերցում հստակեցրել ենք, որ կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափը կփոխվի: Նպատակ ունենք դրույքաչափը դարձնել մինչև 200 հազար դրամ, և դրա վրա նոր դիտարկել հավելավճարի սահմանումը»,- ասաց փոխնախարարը:

Կառավարությունը քննարկել է նաև պետական ուսումնական հաստատության գործունեության ղեկավարման ձևաչափը՝ մասնավորապես ուսումնական գործընթացի և վարչատնտեսական գործընթացի մասով:

«Եվ հստակ ամրագրել ենք, որ պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է ուսումնական հաստատության համակարգողը կամ լիազոր մարմնի կողմից պատվիրակված իրաբանական անձը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այստեղ կարող ենք խոսել նաև իրավաբանական անձանց կողմից նշված գործառույթի իրականացման հնարավորությունը, փորձելու ենք սա հստակ առաջ տանել՝ որպես աշխատանքների իրականացման հիմնական ձևաչափ՝ չխոսելով առանձին անձանց ներգրավման օրինաչափ տարածվածության մասին»,- ասաց Անդրեասյանը:

Խմբագրական փոփոխություններից մեկով էլ հստակեցվել է, թե որ դեպքերում է, որ կարող է քննարկվել տնօրենին անվստահություն հայտնելու հարցը: Ամրագրվել է, որ զարգացման ծրագրի ձևաչափն ու պահանջները պարունակելու են նաև հստակ կատարողական ցուցանիշներ: Եվ խորհուրդը կարող է այդ ցուցանիշների չապահովման պարագայում քննարկել անվստահության հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս